Ղարաբաղյան շարժումը սկզբնական ուղին էր այն բարդ շարժման, որը դեռ պետք է ընթանա: Շարժումը տվեց այն մարդու նկարագիրը, որը մեզ սպասվելու է ապագայում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Ղարաբաղյան շարժման 25 տարիները` ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Նախկինում մարդն ամեն ինչ տնից տանում էր դեպի աշխարհ, այսօր աշխարհից է տանում տուն: Իսկ շարժումը մեզ հուշելու է դեպի ապագան տանող ուղին: Այսօրվա ապրողն այն օրվա հետ կապ չունի, այսօրվա մարդը կեղծ է»,- նկատեց Ա. Մանուչարյանը:
Բանախոսի դիտարկմամբ` այսօրվա քաղաքական հարթության մեջ կատարվող իրադարձությունները Հայաստանի ապագայի հետ կապ չունեն, և բոլորը միայն լծված են իշխանություն պոկելու մոլուցքով. «Այն, ինչ այսօր է կատարվում Հայաստանում, սարսափելի է՝ մի խումբն ուզում է մյուսի ձեռքից մի քիչ ավելին պոկել. միայն այդքանը:
Քաղաքական գործիչները կուտակման փիլիսոփայությամբ են գործում ՝ զբաղված են երկիրը կողոպտելով, ծառայում են կողոպտիչ աշխարհի համաշխարհային օլիգարխիային: Օրինակ` Ռուսաստանում օլիգարխները ցույց չեն տալիս, որ օլիգարխ են: Եթե նայես՝ նիհար-միհար մարդիկ են, հո բոլորը Ծառուկյանի նմա՞ն չեն դրսևորում իրենց: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի այդ բոլոր քաղաքական գործիչները ենթարկվում են համաշխարհային օլիգարխիայի ներկայացուցիչներին, ինչն էլ երկիրը տանում է կործանման»:





































