Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, խոսելով գալիք նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ ինքը կուսակցությունների քաղաքական բոյկոտը կհամարեր քաղաքական քայլ, սակայն տեղի ունեցածը բոյկոտ չէ:
Բանախոսը նկատեց, որ ի տարբերություն նախորդ տարիների ընտրությունների, երբ նախագահական բոլոր ընտրություններն ավելի լարված էին անցնում, քան ԱԺ ընտրությունները, այս տարի ԱԺ ընտրությունները շատ ավելի բուռն ու լարված էին, քան այն, ինչ մենք տեսնում ենք այսօր:
«Կա գործող նախագահ և յոթ թեկնածու: Յոթ թեկնածուների ռեալ հնարավորությունները գրեթե բացակայում են: Պայքարի մեջ են մտնում, որպեսզի մնան քաղաքական գործընթացներում, մտնում են այս կամ այն քաղաքական դիվիդենդներ, նյութական դիվիդենդներ հավաքելու կամ պարզապես քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացնելու համար, մարդ էլ կա` հինգ տարին մեկ գալիս-գնում է»,- նշեց Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի դեպքում սա քաղաքական գործընթաց է: Սակայն քաղտեխնոլոգը անհասկանալի է համարում ԱԺ երկրորդ քաղաքական ուժի և ընդդիմության լիդերի չմասնակցությունն այս ընտրություններին:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ այն, որ քաղաքական դաշտը մրցակցային չէ, համաձայն է: Նա նաև համամիտ է, որ Հանրապետական կուսակցությունն ունի մեղքի իր բաժինը, բայց միայն Հանրապետականին մեղադրելը սխալ է:
«Հանրապետականը չբռնեց որևէ մեկի ձեռքը և չասաց` չմտնես պայքարի մեջ: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաառաջադրված է, այսինքն՝ նախագահական ընտրություններին, որոնք համարվում են առաջիկա հնգամյակի քաղաքական գործընթացների պիկը, կուսակցությունները հրաժարվում են մասնակցել: Եկել է պահը, որ սերնդափոխություն լինի: Այս սերնդի մասնակցությունը հաջորդ ընտրություններին շատ ծիծաղելի կլինի»,- նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգը: Նա նշեց, որ լուրջ է վերաբերվել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` տարիքի վերաբերյալ պատճառաբանությանը:
Նրա համոզմամբ՝ քաղաքական բոյկոտը կուսակցությունների կողմից կլիներ քաղաքական քայլ: «Ես դա կհամարեի քաղաքական քայլ: Անգամ ՀԱԿ-ի պարագայում Լևոն Զուրաբյանն ասել էր, որ բոյկոտում են, սակայն հետո ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը մասնակցում է ընտրություններին: Ես դա կոորդինացված քաղաքական բոյկոտ չեմ համարում:
Չկա բոյկոտի մասին քաղաքական հայտարարություն քաղաքական կուսակցությունների կողմից: Կարծում եմ, որ փետրվարի 18-ը լինելու է ինաուգուրացիայի, քան ընտրության օր, իսկ «հետո»-ն շատ ավելի հետաքրքիր է լինելու, քան նախընտրական շրջանը»,- ասաց բանախոս Կարեն Քոչարյանը:











































