Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գործողություններից Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Վալենսիա» -ի դեմ խաղում:
«Արքայական ակումբ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել, սակայն պորտուգալացի մասնագետը վստահ է, որ թիմն ավելի շատ գոլեր կգրանցեր, եթե իր հայրենակիցն ավելի լավ խաղար որոշ դրվագներում:
Մոուրինյոն, մասնավորապես, դժգոհ էր, որ Ռոնալդուն սուր անկյունից հարվածեց դարպասին` խաղընկերոջը փոխանցում կատարելու փոխարեն: Մասնագետը նաև դժգոհ էր, որ Քրիշտիանուն չի գործել պաշտպանության գծում: Այդ ամենը խաղից հետո հանդերձարանում Մոուրինյոն ասել է Ռոնալդուին: Վերջինս չի լռել և նույն ոճով պատասխանել է մարզչին: Զրույցը վեճի է վերածվել:









































