ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքող Վլադիմիր Աբաջյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
Վլադիմիր Աբաջյանը 1951 թ., ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի «դերասանական» բաժինն, աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և մինչև կյանքի վերջը մնացել է այնտեղ: Նա մարմնավորել է Սեյրանի (Շիրվանզադեի «Նամուս»), Օսեփի (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Աբելյան (Հարությունյանի «Խաչմերուկ») կերպարները և հանդես եկել շատ այլ դերերում: Սակայն Վլադիմիր Աբաջյանը հանրության շրջանում առավել ճանաչված և սիրված է իբրև ասմունքող:
Թատրոնների ներկա մակարդակից դերասանը հաճախ էր դժգոհում, թատրոնները, ըստ նրա, սիրողական մակարդակից չեն բարձրանում, իսկ թատրոնից իր մի փոքր հեռանալը դերասանը մեկնաբանում էր նրանով, որ այն դերերը, որոնք ինքը կարող էր խաղալ, իրեն չէին տալիս, տալիս էին ապաշնորհ կամ ավելի տաղանդավոր դերասանների: Նա այն կարծիքին էր, որ դերասան հիմա քիչ կա, ժամանակակից բանաստեղծություններ էլ, ըստ նրա, քիչ կան՝ որ ասելիք ունենան, և ինքը կարողանա վերցնել և ներկայացնել հանրությանը:
«Ես ոտանավոր արտասանել չեմ կարող: Առանց ասելիքի ասմունքն ինձ համար անիմաստ բան է: Դրա համար էլ ես ասմունքն ընտրեցի որպես երկրորդ մասնագիտություն»,- ասում էր Վլադիմիր Աբաջյանը:
Կյանքում ամենաշատը չէր սիրում անարդարություն:
«Հովհաննես Թումանյանը մեր պոեզիայի ադամանդակուռ թագն է։ Նարեկացուց և Թումանյանից են սկիզբ առել մեր լավագույն նմուշները»,- ասում էր Վլադիմիր Աբաջյանը:











































