Ամերիկյան Վիրջինիա նահանգում հունվարի 16-ի երեկոյան մահապատժի են ենթարկել իր բանտախցի հարևանին և ևս մեկ կալանավորի սպանած տղամարդուն՝ հաղորդում է Associated Press-ը:
Ցմահ ազատազրկման դատապարտված 42-ամյա Ռոբերտ Գլիզոնը 2007թ.-ին խեղդել է իր խցի 63-ամյա հարևանին, իսկ 2009թ.-ին` 26-ամյա մեկ այլ կալանավորի:
Գլիզոն հրաժարվել է համաներման մասին հայտ ներկայացնել՝ հայտարարելով, որ մահապատժի է արժանի, հակառակ դեպքում կշարունակի սպանություններ գործել՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Չնայած դրան, պաշտպանները փորձել են ավելի մեղմ որոշման հասնել` նշելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են դատապարտյալի ծանր մանկությունը, հոգեկան խանգարումները, ալկոհոլի և թմրանյութի չարաշահումը:
Տղամարդուն մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա: Նրա մահապատիժը առաջինն էր ԱՄՆ-ում 2013թ.-ի ընթացքում: Վիրջինիայում գերագույն պատժամիջոցի չէին դիմել 2010թ.-ից ի վեր:






































