Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր ժամանելու է Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև՝ արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին այցելելու է նաև Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո տեսակետներ էին հնչում, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունում նկատելի տեղաշարժեր են նկատվելու, և դա վերաբերվում է նաև Հայաստանին: Ընտրվելուց անմիջապես հետո Իվանիշվիլիի կառավարությունը հանդես եկավ աբխազական երկաթուղին վերագործարկելու առաջարկով: Այդ վերագործարկումը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանզի դրանով Հայաստանը Ոուսաստանի հետ երկաթուղային կապ հաստատելու հնարավորություն է ստանալու, ինչը կմեղմացներ մեր երկրի շրջափակումը և տնտեսական որոշակի աշխուժություն էր աոաջացնելու: Բացի այդ, երկաթուղու վերագործարկումը Գյումրիի ռուսաստանյան ռազմակայան ցամաքային ճանապարհով սպառազինություն տեղափոխելու հնարավորություն է տալու, քանի որ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանն արգելել է իր տարածքով ռուսական սպառազինության տեղափոխումը դեպի Հայաստան: Չնայած, որ «Վրացական երազանքը» եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելը հռչակել էր առաջնահերթություն, սակայն գնալով՝ ավելի նկատելի է դառնում Վրաստանի մերձեցումը Ոուսաստանին, և դրա ֆոնին որոշակիորեն փոփոխվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին առանձնահատուկ կարևորություն էր տրվում: Նույնիսկ վրացի փորձագետներն են փաստում, որ Իվանիշվիլիի կառավարությունը նախորդ իշխանությունների պես չի սատարում ԼՂ հարցում ադրբեջանական դիրքորոշմանը և այդ երկիրը այլևս չի դիտարկում, իբրև Վրաստանի միակ էներգետիկ գործընկեր: Իվանիշվիլին նաև որոշակի վերապահումներ ունի Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթուղու կառուցման հարցում, ինչը առաջացրել է պաշտոնական Բաքվի անհանգստությունը:
Ենթադրվում է, որ Իվանիշվիլիի այցի շրջանակներում տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ է քննարկվելու: Նույնիսկ որոշ կանխատեսումներ են արվում, թե Վրաստանի վարչապետի հայաստանյան այցը նոր փուլ է բացելու հայ-վրացական հարաբերություններում: Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, կերևա մոտ ժամակներս:











































