Թբիլիսիի քաղաքային դատարանը համաներում է շնորհել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնուն՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեին: Չորեքշաբթի օրը նրա փաստաբան Լևան Սամուշիան լրագրողներին հայտնել է, որ դատարանը վճիռը կայացրել է այն բանից հետո, երբ օրինապահ մարմինները հունվարի 13-ին Վրաստանում ուժի մեջ մտնող «համաներման մասին» օրենքի հիման վրա դատարաններին են փոխանցել համաներման ենթակա բանտարկյալների գործերը, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Վրաստանի դատախազությունը պաշտոնապես հանել է ոստիկանության դեմ դիմադրություն կազմակերպելու մեղադրանքը», նշել է Սամուշիան:
Բիցաձեն թաքնվում է արտասահմանում, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, որը դատարանի որոշումից հետո կասեցվել է:
2011-ի օգոստոսի 19-ին Բիցաձեն հեռակա դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման: Նա Վրաստանից փախել է 2011-ի մայիսի 26-ին:






































