Apple ընկերությունն iPhone-ի միանգամից երկու նոր պրոտոտիպ է փորձարկում: Դրանց նախնական խմբաքանակների, ամենաքիչը՝ դրանցից մեկի թողարկումը կսկսվի ընթացիկ տարվա գարնանը, իսկ վաճառքը՝ ամռանը, հայտնում է Apple Insider կայքը՝ հղում անելով Jefferies & Company վերլուծական ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Միսեկի տվյալներին:
Անցյալ տարվա դեկտեմբերին վերլուծաբանն արդեն հայտարարել էր, որ iPhone-ի հաջորդ մոդելի վաճառքը կսկսվի ամռանը:
Վերլուծաբանի խոսքով՝ փորձարկվող մոդելներից մեկն այսպես կոչված՝ iPhone 5S-ն է (ենթադրվում է, որ այսպես կկոչվի iPhone-ի հաջորդ մոդելը): Երկրորդ մոդելը «առասպելական» էժանագին iPhone-ն է, որի մշակման մասին շշուկներ պարբերաբար հայտնվում են համացանցում, հետո հերքվում ընկերության թոփ-մենեջերների կողմից:
Միսեկի կանխատեսմամբ՝ ընթացիկ եռամսյակում, որը կավարտվի մարտին, Apple-ին կհաջողվի վաճառել մոտ 44 մլն սմարթֆոն:







































