«Մենք ստոմատոլոգ ենք, և այդ օրենքն ընդունողները, նախապատրաստողները, քննարկումներ չեն անցկացրել մեզ հետ: Մենք անգամ վիրավորվում ենք, երբ ասում են ատամնաբույժ, որովհետև ստոմատոլոգը մասնագիտություն է, բարձրագույն կրթություն»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը: Նրա խոսքերով՝ սովետական տարիներին այնքան էլ լավ չէր ստոմատոլոգիայի զարգացումը։ ԽՍՀՄ փլուզումից հետո մասնագետները վերապատրաստվեցին արտերկրում և ներդրումներ իրականացրեցին: Իսկ վերջին տարիներին ոլորտն անկում է ապրում: «Հիվանդները պակասել են: 20 տոկոս պակասել է հաճախումը աշխարհում, Հայաստանում` 40-50 տոկոս: Վեջին տարիներին բազմաթիվ ուսումնական հաստատություններ ինչ թիվ ասես պատրաստում էին, և արդյունքում մենք Եվրոպայում առաջինն ենք ստոմատոլոգների թվով»,- ասել է Աշոտ Գևորգյանը:
Նա նոր օրենքի ընդունումն արդարացված չի համարում: Հաշվարկը, ըստ նրա, կատարվել է Երևանի լավագույն կլինիկաների օրինակով. «Օրենքում գրված է 80 հազար դրամ՝ մեկ բազկաթոռի համար: Այսինքն, ստոմատոլոգն այն վճարելու համար պետք է մեկ միլիոնից ավելի վաստակի: Մինչ այդ, հարկվել ենք շահութահարկով, միջինը գալիս էր 10-20 հազար դրամ, նայած գոտի, շրջան, մարզ, կլինիկայի շահութաբերություն»:
Բանախոսի խոսքերով՝ ստոմատոլոգների թիվը ՀՀ-ում հասնում է 7-9 հազարի: Օրենքը, ըստ նրա, օգուտ է փոքրերին, որոնք կգործեն ստվերի դաշտում, մեկ աթոռի վրա մի քանի գործունեություն են իրականացնելու, ինչը և՛ հակասանիտարական է, և՛ հակաօրինական: «Մենք երկրում վերացնում ենք նորմալ կլինիկաները»,- ասել է նա ու հավելել, որ նոր օրենքի գործարկումով` 2-3 հազար հոգի դուրս կգան աշխատանքից: Հունվարին արդեն բազմաթիվ կլինիկաներ են փակվել: Շատերը բանակցություններ են վարում, որ գնան ՌԴ: Հարկային բեռը ծանրանում է 500 տոկոսով:












































