Դպրոցական ավտոբուսների ավելի քան 8 հազար վարորդներ Նյու Յորքում գործադուլ են սկսել, ինչի պատճառով գրեթե 152 հազար դպրոցականներ ստիպված են եղել ինքնուրույն դպրոց հասնել:
Վարորդների հետ միասին գործադուլ են անում նաև նրանց օգնականները, ովքեր օգնում են երեխաներին իջնել ավտոբուսից և անվտանգ անցնել փողոցը:
«Այսպիսի բան Նյու Յորքում չէր եղել արդեն 35 տարի: Գործադուլի առաջին օրերը քաոսի կվերածվեն»,- արդեն հայտարարել է դպրոցական խորհրդի նախագահ Դեննիս Ուոլքոթը, հիշեցնելով, որ քաղաքի ուսումնական հաստատություններում 1,1 միլիոն մարդ է սովորում:
Գործադուլի պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունների և ավտոբուսների մասնավոր ընկերությունների միջև պայմանագրերն ավարտվում են 2013 թ. հունիսին: Քաղաքապետարանը մտադիր է կրճատել այս ոլորտի ծախսերը: Շատ վարորդներ, ում աշխատավարձը տարեկան 35 հազար դոլար է կազմում, վախենում են, որ կարող են կորցնել աշխատանքը:
«Մենք այնքան ենք բողոքելու, մինչև Նյու Յորքի քաղաքապետը մեզ հետ նոր պայմանագիր կնքի»,-հայտարարել է ավտոբուսների վարորդների արհմիության նախագահը:








































