Տեխաս նահանգի սենատոր Ստիվ Ստոկմենը հաղորդել է, որ կբարձրացնի նախագահի իմփիչմենթի հարցն այն դեպքում, եթե Օբաման սահմանի զենքի նկատմամբ վերահսկողության նոր կանոններ՝ շրջանցելով օրենսդիր մարմիններին: Այս մասին ասվում է քաղաքական գործչի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում՝ stockman.house.gov-ում:
Ստոկմենի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հակասահմանադրական և անխիղճ հարձակում է իրականացնում հանրապետության հիմնարար սկզբունքների վրա: Այդ իսկ պատճառով նա մտադիր է զենքի վերահսկողության խստացման Օբամայի օրենքների դեմ պայքարել իրեն հասանելի ցանկացած միջոցով՝ Սպիտակ տան ծախսերի սահմանափակմամբ և նախագահի դեմ իմփիչմենթ սկսելով:
ԱՄՆ-ում զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները սկսվել էին դեկտեմբերի 14-ին` Նյութաունի Սենդի Հուք դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, ինչի հետևանքով 20 երեխա զոհվեց:
Շուտով հայտնի դարձավ, որ Օբաման ծրագրում է աջակցել կիսաավտոմատ զենքի արգելքին, որը գոյություն է ունեցել 1994-2004 թվականներին, ինչպես նաև դադարեցնել ավելի քան 10 փամփուշտ տարողությամբ փամփշտակալի վաճառքը:







































