«Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք պատճառ է նշել, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագաիական ընտրություններում: «Առաջինը՝ իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է: Երկրորդը՝ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը: Եվ երրորդը, քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հիմնավոր համարո՞ւմ է այդ պատճառները, ասաց. «Երկրորդ նախագահի խոսքն է, իհարկե, հետաքրքրություն պիտի առաջացնի, բայց քաղաքական այս պայմաններում, կարծում եմ, այդպես հատուկ վերլուծությունների խնդիր չունի: Կարծիք է, արտահայտել է իր կարծիքը, մեկնաբանել է, թե ինչու չի առաջադրվել: Կարելի է ընդունել, կարելի է չընդունել, կարելի է բաներ գտնել մեջը: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ հարցազրույցը պիտի հարգենք, բայց կարծում եմ, որ այսօրվա առումով որոշակի ոչ պայմաններ է առաջարկում, ոչ խնդիրներ, ոչ էլ գործընթաց է առաջարկում»:
Թերթը հետաքրքրվեց՝ այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանն ո՞ւմ և ի՞նչ է ուզում հասկացնել: Մասնավորաբար, երբ ասում է. «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»: Գալուստ Սահակայնը հակադարձեց. «Ես կարծում եմ՝ պիտի ուղիղ նայել հարցազրույցին: Տողատակերում պետք չէ բան որոնել: Ասել է այն, ինչի մատածել է: Կարելի է ընդունել, կարելի է չընդունել»:
Թերթի մյուս հարցին էլ՝ իր տպավորությամբ՝ երկրորդ նախագահը մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնություններ ունի՞, թե՝ ոչ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Սա այն պահը չի, որ էդպես հետազոտական, քննարկելի նյութ դարձնենք և պրոգնոզներ անենք: Դեռևս նախագահական ընտրություններ են լինելու, իսկ նախագահի յուրաքանչյուր ընտրությունից հետո քաղաքական նոր իրավիճակներ են ստեղծվում, քաղաքական նոր պայմաններ են առաջանում, մոտեցումներ են ձևավորվում: Այնպես որ՝ վերլուծություններ կատարելու ճիշտ ժամանակը չէ»:
Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին խոսել է իր նախագահությունից հետո Հայաստանում արտագաղթի ու տնտեսական ճգնաժամի խորացումից, կարկառուն ՀՀԿ-ականին չի հուզում: Ավելին՝ ասում է. «Նույնն է, ինչ մենք ենք ասում, ինչն ասում է ընդդիմությունը՝ քաղաքական սպեկուլյացիայի մոտիվներով: Այնպես որ՝ այսօր էլ եթե նախագահի ծրագիրը նայեք, այդ բոլորը ըմբռնում ենք, և հետագա ծրագիրը կառուցված է այդ խոցելի կողմերի վրա, որ մեր հասարակության մեջ կան»:








































