Չիկագոյի միջազգային Օ’Հարա օդանավակայանի մաքսատան աշխատակիցները 18 մարդկային գլուխներով ուղեբեռ են առգրավել: Գլուխներն օգտագործվել են Հռոմում գիտական հետազոտությունների ժամանակ և ուղարկվել են ԱՄՆ դիակիզման համար,- գրում է Chicago Tribune թերթը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, սակայն ԶԼՄ-ներին այս մասին հայտնի է դարձել հիմա:
«Բալզամավորված գլուխները հետազոտությունների համար օգտագործվող անատոմիական նյութ են: Դրանք պահվել են՝ ինչպես հարկն է, զգուշությամբ փաթեթավորված են եղել, երբ Հռոմի բժշկական հաստատությունից տարվել են օդանավակայան»,- Chicago Tribune-ը բերում է Իլինոյս նահանգի Կուկ շրջանի դատաբժշկական ծառայության ներկայացուցիչ Մերի Պալեոլոգոսի խոսքերը:
Այդ ծառայության ղեկավար Թոնի Բրուչչի խոսքով՝ անցակետի աշխատակիցներին կասկածելի է թվացել այն, որ ուղեբեռի փաստաթղթերում ճշգրիտ նշված չի եղել, թե այն ուր է ուղարկվել:
Ներկայումս քննիչները ստուգում են, նաև փորձում պարզել՝ հատկապես ուր էր ուղարկվել ուղեբեռը:











































