Ալժիրը փակել է Մալիի հետ սահմանները, որտեղ անցած շաբաթ ռազմական ակտիվ գործողություններ էին տեղի ունենում հյուսիսը գրաված արմատական խմբավորումների ու կառավարական զորքերի միջև, որոնց օգնություն էր ցուցաբերել ֆրանսիական զինվորականների կոնտինգենտը: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այսօր հայտարարել է Ալժիրի արտգործնախարարության ներկայացուցիչ Ամար Բելանին:
«Մենք տեղեկացրել ենք մալիական կողմին սահմանների փակման միջոցառումների մասին»,- նշել է դիվանագետը: Նրա խոսքերով՝ Ալժիրը «միշտ ձգտել է օգնել եղբայրական Մալիին հաղթահարել դժվարությունները, որոնց բախվել է երկիրը, որպեսզի կարողանա դուրս գալ ճգնաժամից»:
Ավելի վաղ Մավրիտանիայի իշխանություններն էին իրենց զորքերը տեղակայել Մալիի հետ սահմանին:









































