Գլազգոյի The Burrell Collection թանգարանը Լոնդոնի Bonhams աճուրդի տուն կուղարկի Հենրի VIII-ի մահճակալի գլուխը, որի վրա անգլիացի թագավորն ու նրա չորրորդ կինը՝ Աննա Կլևսկայան անցկացրել են իրենց ամուսնական առաջին գիշերը, հաղորդում է The Guardian-ը:
Թագավորական մահճակալը պատրաստվել է այն հաշվարկներով, որպեսզի երիտասարդ Աննային և միջին տարիքի թագավորին ոգեշնչի 1540թ. հունվարին իրենց ամուսնական առաջին գիշերը երեխա բեղմնավորել: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվել է, իր նշանակությանը թագավորական մահճակալը չի ծառայել: Աննան պատմել է, որ նրանք անկողնում խաղաքարտերով խաղացել են, ինչպես նաև այն, որ նրա ամուսինը իսկական ջենթլմեն է եղել և ամեն անգամ քնից առաջ կամ ննջարանից դուրս գալիս համբուրել է նրան:
Մահճակալի գլուխը մինչև մեր օրերը հասած չափազանց անհաջող ամուսնության միակ պահպանված իրերից է: Այն կցուցադրվի լոնդոնյան The Burrell Collection թանգարանում: Թանգարանում կցուցադրվի նաև Ռեմբրանդի ինքնադիմանկարը, Փոլ Սեզանի կտավը, հախճապակե 1000 տարեկան մի բաժակ:
Շոտլանդիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն՝ թույլատրվում է ցուցանմուշները երկրից դուրս ցուցադրել: Խորհրդարանի որոշումը բուռն քննադատությունների պատճառ է դարձել, քանի որ դեմ է սըր Ուիլյամ Բերրելի ցանկությանը, ով իր կտավների, քանդակների և հնագույն իրերի հավաքածուն 1944թ. թողել էր իր հարազատ քաղաքին: Նա հիանալի գիտեր, թե ինչ վտանգների միջով կարող են անցնել նրա հավաքածուի փխրուն իրերը արտասահման տեղափոխելիս, այդ պատճառով էլ ցանկանում էր, որպեսզի դրանք մշտապես մնան Գլազգոյում:







































