Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կատակել է, երբ իրեն խնդրել են մեկնաբանել այն փաստը, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բազմաթիվ փորձագետների կարծիքով ավելի մեծ հնարավորություններ ունեն նվաճել «Ոսկե գնդակ»-ը, քան ինքը դարպասապահը:
«Նրանք ավելի շատ գոլեր են հեղինակել, քան ես»,- կատակել է Նոյերը: «Երկուսն էլ արժանի են լինել «Ոսկե գնդակ»-ի 3 գլխավոր հավակնորդների ցուցակում, քանի որ հանդիսանում են իրենց թիմերի առանցքային խաղացողները: Բոլորը փորձում են կանգնեցնել նրանց, բայց դա գրեթե չի ստացվում:
Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ասել, որ «Ոսկե գնդակ»-ի 3 գլխավոր հավակնորդների թվում լինելը հիանալի է: Ես շատ ուրախ եմ. սա յուրահատուկ պահ է դարպասապահի համար: Անսահման հպարտ եմ»,- Նոյերի խոսքերը մեջբերում է Bild-ը:









































