Ռուսաստանը նախկինի պես կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում բոլորի կողմից ընդունելի համաձայնության հասնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է TASS-ը, Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորումը հին և բարդ գործընթաց է,- ասել է նախարարը:- Համոզված եմ, որ մենք և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեր գործընկերները նախկինի պես կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ բոլորի համար ընդունելի պայմանավորվածություն ձեռք բերելու համար»:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մի քանի տարի շարունակ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի մոտեցնեն դիրքորոշումները այդ հարցում, որպեսզի «հնարավոր լինի սկսել պայմանավորվել տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման վրա հիմնված գրանցված սկզբունքների գործնական իրականացման շուրջ»: «Դա շատ բարդ գործընթաց է, բայց այն շարունակվում է»,- ավելացրել է նախարարը:
«Ինչ վերաբերում է պատանդների խնդրին, մենք դրան լուրջ ենք վերաբերվում,- ասել է Լավրովը:- Ես այժմ չեմ կարող տեղեկատվություն տալ կոնկրետ դեպքերի վերաբերյալ, քանի որ նման տեղեկատվություն չունեմ, բայց մենք կողմ ենք, որպեսզի բոլոր պատանդներն ազատ արձակվեն և փոխանակվեն միմյանց հետ»:
Նախարարը հիշեցրել է, որ 2010թ. Աստրախանում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ընդունվեց հայտարարություն՝ նվիրված հենց այդ խնդիրն: «Հույս ունեմ, որ այդ հայտարարությունը նկատի կառնվի այդ շրջանի շփման գծում կողմերի գործնական քայլերի դեպքում»,- ասել է Լավրովը:









































