Նացիստ հանցագործ և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանության հիմնական մեղավորներից մեկը՝ Ալոիզ Բրուները, մահացել է Սիրիայում առնվազն 20 տարի առաջ: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ֆրանսիացի փաստաբան և պատմաբան Սերժ Կլարսֆելդը:
Ավելի վաղ Սիմոն Վիզենթալի կենտրոնի իսրայելական մասնաճյուղի ղեկավար Էֆրաիմ Զուրոֆը, հղում անելով գերմանական հետախուզությունում աղբյուրին, հայտնել էր, որ Բրուները «բնական պատճառներով» Դամասկոսում մահացել է 2010թ., 98 տարեկանում: Միաժամանակ, որոնվող նացիստ հանցագործների ցուցակից Բրուներին հանել են միայն 2014թ.:
Կլարսֆելդը Agence France-Presse-ին ասել է, որ նացիստների ֆրանսիացի որսորդները Բրուների հետքը կորցրել են 1992թ. Դամասկոսում:
«Մենք գիտենք, որ 1992թ. նրան շտապօգնությունը տարել է բնակարանից: Նա շատ վատ վիճակում է եղել, և ես չեմ հավատում, որ նա կարող էր ապրել մինչև 2010թ.»,- նշել է Կլարսֆելդը:
Բրուները եղել է նացիստական Գերմանիայում «Հրեական հարցի վերջնական լուծման» կազմակերպիչ Ադոլֆ Էյխմանի ամենագլխավոր զինակիցներից մեկը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բրուները պատասխանատու է եղել Ավստրիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սլովակիայի և Ֆրանսիայի մոտ 130 հազար հրեաների մահվան ճամբարներ արտաքսման համար: 1954թ. Ֆրանսիայում Բրուներին դատել են և հեռակա կարգով դատապարտել մահապատժի: Բրուները չի զղջում իր կատարածի համար և 1985թ. գերմանական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է՝ «ցավում եմ միայն, որ ավելի շատ հրեաների չեմ սպանել»:











































