Իրանի խորհրդարանը չի հաստատել Ալի Նիկզադի թեկնածությունը, որին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նշանակել էր տեղեկատվության և հեռուստահաղորդակցման նախարարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հուսեյն Մուզաֆարը:
Նա նշել է, որ Նիկզադի նշանակումը տեղեկատվության և հեռուստահաղորդակցման նախարարի պաշտոնին հակասում է երկրի օրենքներին: Մուզաֆարը նամակով դիմել է Ահմադինեժադին՝ խնդրելով այս պաշտոնին նշանակել մեկ այլ մարդու:
Նշենք, որ ներկայում Նիկզադը զբաղեցնում է քաղաքաշինության և ճանապարհների նախարարի պաշտոնը: Իրանի օրենքների համաձայն՝ մեկ անձը չի կարող միաժամանակ կատարել երկու նախարարների պարտականությունները։