ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ապօրինի ընտրությունների հարցը, անգամ մեր նախաձեռնություններից հետո, խուսանավում է քննարկել որևէ պետական իրավասու մարմին, այդ թվում, նրանցից գլխավոր «մեղավոր» Ազգային ժողովը:
Որպես հետևանք, իրենք իսկ հաստատում են, որ օրինական ՄԻՊ-ը նա չէ, ով այդպիսին այսօր ներկայացվում է:
Այս ապօրինության պատճառը ՀՀԿ-ական «օրենսդրության» վաղուց գործող անպատժելի գերակայությունն է մեր երկրի օրենսդրության նկատմամբ, ինչին եվրոպական կառույցները «խորքային բարեփոխումներ» են անվանում:
Այսպես, 2008 թվից առ այսօր, Ազգային ժողովն, իր իսկ Կանոնակարգի համաձայն (20-րդ և 97-րդ հոդվածներ), չի քննարկել նաև ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի հրաժարականի մասին դիմումը և ՀՀԿ ղեկավար մարմնի որոշմամբ ԱԺ նախագահ է ընտրել» Հ.Աբրահամյանին:
Այսինքն՝ այսօր ՀՀ ԱԺ օրինական նախագահը ոչ թե Հ. Աբրահամյանն է, այլ` Տ. Թորոսյանը:
Ավելին, ԱԺ կանոնակարգի պահանջների համաձայն (20-րդ և 97-րդ հոդվածներ), ԱԺ նախագահի տեղակալներ են համարվում Վ. Հովհաննիսյանը և Ի. Զաքարյանը, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներ /26-րդ և 97-րդ հոդվածներ/`Հր. Հակոբյանը, Ա. Ադոնցը, Ա. Պետրոսյանը և Ա. Աղաբեկյանը:
Այսինքն՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով, օրենսդիր բարձր պաշտոններ են զբաղեցրել և զբաղեցնում ԱԺ պատգամավորներ` Հ. Աբրահամյանը, Հ. Կարապետյանը, Ա. Պետրոսյանը, Ս. Նիկոյանը, Ս. Բալասանյանը, Մ. Մնացականյանը, Ա. Սաֆարյանը, Ա. Դավթյանը, Ն. Զոհրաբյանը:
Իսկ սա իր հերթին ապօրինի է դարձնում Հայաստանի օրենսդիր մարմնի ողջ գործունեությունը սկսած 2008 թ. սեպտեմբեր ամսից, դրանից բխող անցանկալի իրավական հետևանքներով:
Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանն ուղղված ՀՀ սահմանադրական կարգի (62-րդ հոդված) այս աննախադեպ խախտումներին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներն, առանց բացառության, որոցից ոմանք այսօր կառավարության անդամներ են, դեսպաններ, անգամ, Սահմանադրական դատարանի անդամ, իսկ մի քանիսն էլ իրենց իրավունք են վերապահել պետական ԲՈՒՀ-երի խորհուրդներ ղեկավարել` ուսանողներ կրթել:
Սա է ապօրինի ընտրությունների արդյունքները և սրանք են այսօրվա մեր ներկայացուցիչները: Իսկ, առավել մտահոգիչն այն է, որ իր կանոնակարգից անգամ գլուխ չհանող այս որակն, ընդունակ չէ ո՛չ ընտրական համակարգ մշակել և ո՛չ էլ այն պաշտպանել: Այսինքն, ինչին ականատես ենք:
Այդ կապակցությամբ, ինչպես նաև, ՀՀ պետական պաշտոնյայի պատիվն ու արժանապատվությունը միջազգային ասպարեզում պաշտպանելու պատակով, հայտարարում ենք այդ ուղղությամբ մեր հետևյալ նախաձեռնությունների մասին`
1. Պաշտոնեական դիրքի չարաշահման հիմքով դիմել իրավապահ մարմիններին,
2. ԱԺ գործունեության խաթարման հիմքով դիմել դատարան, իսկ հետագայում` ԵԴ,
3. ՀՀ օրենսդիրի ապօրինի ներկայացուցիչների մասին տեղեկատվություն տարածել միջազգային կառույցներին և օտարերկրյա դեսպանատներին,
4. ՀՀԿ «խորքային բարեփոխումների» սիրահարներից եվրոպական խորհուրդ պահանջել,
5. ՀՀ Սահմանադրության հհկական պահապանին առաջարկել տեղեկացնել, թե որ օրենսդրությամբ է ճիշտ ղեկավարվել` ՀՀ թե՞ ՀՀԿ, այդ թվում՝ ո՞վ է ՀՀ ԱԺ նախագահը:












































