«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձը, ինչպես նաև պահանջելով չեղյալ համարել այն որոշումը, ըստ որի՝ իրենք փետրվարից արդեն գործարանի աշխատող չեն համարվում:
Ժամեր շարունակ նախագահական նստավայրի դիմաց ցույց անելուց հետո նրանց վերջապես ընդունեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանն անկեղծացել ու ասել է, թե նրանց աշխատավարձը տալ չեն կարող. «Ամեն ամիս, ամեն հանդիպման մեզ հույս են տվել, որ «Նաիրիտը» կաշխատեցնեն, բայց չեն անում: Հանրապետության ղեկավարությունն ուզում է «Նաիրիտն» աշխատեցնի, բայց հանրապետությունից դուրս են մարդ ման գալիս: Չկա հանրապետության ներսում որևէ օլիգարխ, որ ուզում է աշխատեցնել «Նաիրիտը»: Աշխատակազմի ղեկավարը մեզ ասաց, որ ի պաշտոնե իրավունք չունի մեզ խաբել ու խոստումներ տալ: Ասում է՝ խաբել կլինի, եթե ասենք, որ 3 ամիսը մեկ աշխատավարձ կտանք, դուք էլ մնացեք «Նաիրիտի» աշխատող: Ասում է՝ մինչև կառավարությունը բաժնետոմսերը դրսից հետ չվերցնի, աշխատավարձերի պարտքի մարումը չի լինի»,- ասաց Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկը:








































