Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին:
Թե ինչու դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետևյալ կերպ. «Ողորմի՛ ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»: Մասնագիտությամբ մանկական օրթոպեդ-տրավմատոլոգը հայտարարել է, որ հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու է իրական պատճառները, դեպքը և հետևանքները, պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:
Եվ ահա, Էդուարդ Գրիգորյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ. «Ինչպես խոստացել էի, պետք է խոսեմ մեզ առաջադրված մեղադրանքին հոդված առ հոդված: Սակայն ձեր ուշադրությանը կներկայացնեմ միայն երկու հոդված, որոնք սկզբունքային են, և հենց այստեղ է, որ դատաիրավական համակարգը կատարեց հիմնական օրինախախտումները: 1961թ. ընդունված քր. օրենսգրքի 61 հոդվածի վերնագիրն է` «Տեռորիստական ակտ»: Կարճ բովանդակությունը հետևյալն է. «Պետական, հասարակական գործչի սպանությունը կոչվում է տեռորիստական ակտ և պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ կամ մահապատժով»:
Տեռորիզմ կամ ահաբեկչություն հանցատեսակ այդ օրենսգրքում ընդհանրապես սահմանված չէր: 2003թ. ընդունված օրենսգրքում սրան համապատասխանում է 305-րդ հոդվածը:
Վերնագիրն է` «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն»: Բովանդակությունը նույնն է, միայն մահապատժի փոխարեն՝ նախատեսվում է ցմահ ազատազրկում: Ինչպես տեսնում եք, տեռորիզմի, ահաբեկչության մասին խոսք չկա, որովհետև սա ահաբեկչություն չի, սա պետական, քաղաքական գործչի ապանություն է: Եվ այստեղ հայտնվում է հենց այդ մյուս` 217 հոդվածը, որի վերնագիրն է «Ահաբեկչություն»: Կրկնում եմ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ այդպիսի հանցատեսակ չի եղել: Իրավաբանականի ցանկացած ուսանող ձեզ կասի, որ նոր հանցատեսակ սահմանող որևէ օրենք չի կարող կիրառվել հետին թվով: Իսկ 305 հոդվածով չէր կարելի մեզ նշանակել ցմահ ազատազրկում, որովհետև նոր պատիժ սահմանող դրույթը նույնպես չի կարելի կիրառել հետին թվով: Սա այբուբեն է:
Այս անօրինականությունն ինչ-որ կերպ բացատրելու համար դատախազներն ու դատավորները հայտարարեցին. «… Եթե գործեր հին օրենսգիրքը, մենք ձեզ մահապատիժ էինք տալու: Իսկ քանի որ նոր օրենսգրքում մահապատիժ չկա, մենք տալիս ենք ավելի մեղմ պատիժ` ցմահ: Այսինքն՝ եթե ունենայինք մահապատժի դատավճիռ, ապա կարելի էր «մեղմացնել» և տալ ցմահ (սա նույնպես չի կարելի անել, բայց ենթադրենք): Մեր դեպքում սա էլ չի աշխատում, որովհետև մենք չունենք մահապատժի դատավճիռ: Ուրեմն՝ ինչ է ստացվում. կար 10-15 տարի և մահապատիժ, մահապատիժը հանվեց, մնաց 15 տարին: 15 տարին «մեղմացրին» և տվեցին ցմահ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































