Reuters գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները իրանական ինքնաթիռից առգրավված զինամթերքի մասին զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ:
Անվտանգության խորհրդի դիվանագետները այդ առնչությամբ հայտարարել են, որ Թուրքիայի կողմից իրանական ինքնաթիռը խուզարկելն ու զինամթերքը հայտնաբերելը խիստ դրական քայլ է, որը համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
Իրանի դեմ սահմանված ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների համաձայն, Իրանին արգելվում է արտահանել որևէ զինամթերք:
Թուրքական իշխանությունները մարտի 21-ին Դիարբեքիրի օդանավակայանում իրանական բեռնատար ինքնաթիռում հայտնաբերել էին մեծ քանակությամբ զինամթերք, որոնք ներկայացված էին որպես ավտոպահեստամասեր: Թուրքական կողմը, նախքան ՄԱԿ-ի ԱԽ հղած իր զեկույցը, չէր բացահայտում առգրավված զինամթերքի քանակն ու տեսակը, իսկ ներկայացված զեկույցի համաձայն, ինքնաթիռում հայտնաբերվել է 60 հատ Կալաշնիկով մակնիշի ինքնաձիգ, 14 հատ գնդացիր, 8000 ռազմամթերք, 1848 հատ 120 մմ հրթիռներ:
Հիշեցնենք, որ հիշյալ ինքնաթիռը ուղևորվում էր դեպի Սիրիա, բայց դեռ պարզ չէ, որ այդ զինամթերքը ի՞նչ նպատակների և ո՞ր խմբակցության համար էր ուղարկվում:







































