Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով վիրահատության էր ենթարկվել, շարունակում է մարզվել ակումբի՝ Տարասովկայում գտնվող մարզաբազայում՝ անհատական ծրագրով:
Այսօր Արազը մարզվել է թիմակիցների հետ՝ անհատական ծրագրով: Սկզբում նա վազել է խաղադաշտի շուրջը, այնուհետև ֆիզպատրաստականության մարզչի գլխավորությամբ գնդակով վարժություններ է կատարել:
«Վիրահատությունից հետո առաջին ամիսն ուղղակի մղձավանջային էր: Չնայած՝ արդեն երկրորդ օրը որոշ վերականգնողական վարժություններ էի կատարում, բայց հիմնականում նստած էի: Դժվար էր:
Հիմա արդեն մարզվում եմ խաղադաշտում, ինչի համար շատ ուրախ եմ: Մարզվում եմ գնդակով ու վերջապես կարող եմ կրկին ինձ ֆուտբոլիստ զգալ: Երկրպագուների աջակցությունն, իհարկե, շատ է օգնում:
Առաջնության առաջին հատվածից հետո չեմ պատրաստվում արձակուրդ գնալ: Պետք է ջանասիրաբար աշխատեմ, որ մրցաշրջանի վերսկսվելուն պես պատրաստ լինեմ»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի մամլո ծառայությունը:





































