Դրածոյաբար
«Մեզ հայտնի չէ Անդրիաս Ղուկասյանի կոչի մոտիվացիան, այնպես որ՝ մենք չենք կարող մեկնաբանություն տալ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է «Ազատություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը՝ արձագանքելով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ ՀՀ նախագահի թեկնածուներին ուղղված կոչին՝ ինքնաբացարկ ներկայացնել և հրաժարվել ընտրապայքարից:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ Ղուկասյւսնի այդ «առաջարկի» մասին ասել է. «Կարծում եմ, որ պարոն Ղուկասյանը ճիշտ հասցեով չի դիմել: Եթե նա կարծում է, որ առաջիկա ընտրություններն օրինական, ազատ, արդար անցկացնելու պարտավորությունը երկրի գործող իշխանությունների վրա է, և նա չի կատարելու իր պարտավորությունը, նշանակում է, որ նա պետք է դիմի գործող նախագահին՝ որպես թեկնածու, որպեսզի հանի թեկնածությունը»:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը, ըստ էության, շանտաժի է ենթարկել նախագահի բոլոր թեկնածուներին, բացի Ս. Սարգսյանից: Իր երեկվա կոչը հրապարակելուց առաջ նա հայտարարել է, որ ովքեր չհետևեն իր կոչին, ինքը նրանց կհամարի որպես Սերժ Սարգսյանի դրածոներ:












































