ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախագահությամբ տեղի է ունեցել մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։
Օրակարգում ընդգրկված դեպքերը մանրամասն վերլուծության են ենթարկվել։ Խորհրդի անդամներն ու նախարարության գլխավոր մասնագետները ներկայացրեցին իրենց տեսակետները։
«Մայրական մահացությունն ամենից ցավոտ հարցն է, և պետք է ամեն ինչ անենք դրանք հնարավորինս կանխելու համար»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ բուժհիմնակներում թույլ տրված կազմակերպչական բացթողումների համար հավասարապես պատասխանատու են ինչպես հերթապահող կամ վարող բժիշկները, այնպես էլ` բուժհաստատությունների ղեկավարները։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է շրջաբերականներ ուղարկել առաջնային օղակի մանկաբարձագինեկոլոգիական բոլոր կազմակերպություններին, որպեսզի խստորեն հետևեն հղիության վարման և ծննդալուծման գործող չափորոշիչներին։
Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարեց մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։
Արմեն Մուրադյանն առաջնային օղակի և ծննդատների մասնագետներին խստորեն հանձնարարել է աշխատել համագործակցված, հղիներին այս կամ այն բուժհաստատություն ուղեգրելիս լիարժեք տեղեկատվություն տրամադրել, այնուհետև հետաքրքրվել նրանց հետագա վիճակով։
Նաև հանձնարարվել է Արմավիրի և Գավառի մարզերի հղիների մահվան դեպքերը ևս մեկ անգամ խորությամբ քննարկել առողջապահության վարչություններում` ուշադրության կենտրոնում պահելով բոլոր մանրամասներն ու հանգամանքները։
«Անրաժեշտ է նոր մոտեցումներ որդեգրել, օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից, այդ թվում` հեռաբժշկությունից»,-ասել է նախարարը։
Արմեն Մուրադյանի հրամանով այսուհետև կքննարկվեն նաև կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերը։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացության ցուցանիշները նվազեցնելու գործին։









































