Վերջերս ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան նշանակված Վերա Բրեժնևան ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան:
Վերա Բրեժնևան նշեց, որ իր այցելությունները, որպես բարի կամքի դեսպան, սկսել է Հայաստանից: Պատճառն այն է, որ վերլուծությունները ցույց են տվել, որ ՄԱՁԻԱՀ-ն այս պահին ամենաարագ աճող համաճարակն է: Տարածաշրջանում Հայաստանն առաջատարն է այն իմաստով, որ այստեղ նվազագույն թվով հիվանդներ կան, և իշխանությունների կողմից խնդրի նկատմամբ կա առավելագույն ուշադրություն:
Նրա ցանկությունն է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, ովքեր ունեն այդ հիվանդությունը, նրանք չվախենան օգնություն հայցել, և որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում:
«Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում պետք է լինի առաջին երկիրը, որը մինչև 2020 թվականը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը»,- ընդգծեց ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանան:
Ի դեպ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 1.1 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Ամեն տարի այս թիվն աճել է շուրջ 11 հազարով:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանում արձանագրված դեպքերի մեծամասնությունը նկատվում է աշխատանքային միգրանտների մոտ, որոնք վարակվել են արտերկրում, 90 տոկոս դեպքերում՝ ՌԴ-ում:
Այս տարի ավելի շատ դեպքեր են արձանագրվել:
ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեպքերի գրանցումն սկսվել է 1988 թ.: 1988թ.-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը կապված է միգրացիայի հետ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրում է մոտավորապես 3700 մարդ:












































