Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է Վահե Դերձյանի գործով պաշտպանական կողմի բերած բողոքի քննությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռով Վահե Դերձյանը մեղավոր է ճանաչվել հետևյալ արարքների համար:
1992 թվականին ծնված Վահե Դերձյանը գտնվել է ժամկետային զինծառայության մեջ, եղել է ջոկի ավագ հրաձիգ, շարքային:
2011 թվականի հուլիսի 8-10-ը եղել է հերթապահության մեջ: Դիրքում քնելու պատճառով նա վիճաբանել է համածառայող, իր հետ ստորադասության հարաբերությունների մեջ չգտնվող շարքային Ալիկ Աբրահամյանի հետ, բռնություն գործադրելով՝ հարվածել է նրան:
Հուլիսի 22-29-ը Դերձյանը նշանակվել է մարտական հերթապահության:
Հուլիսի 26-ին, ժամը 1-ն անց 40-ին ճաշարանում հերթափոխից ուշանալու համար, կրկին անգամ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, Դերձյանը Ալիկ Աբրահամյանի հասցեին հայհոյել է, ապտակել նրան: Աբրահամյանը վրդովվել է, ճաշարանից դուրս եկել ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:
Մոտ տասը րոպե անց Դերձյանը, գտնվելով գետնատնակի հարթակին, դիմացի հողաթմբի հետևում մարդկային ուրվապատկեր է նկատել, լիցքավորել իրեն ամրակցված ինքնաձիգը, բարձրացել հողաթմբի վրա, ձեռքի լապտերով լուսավորել հողաթմբի հետևի տարածքը և մենահատ կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդու ուղղությամբ:
Անմիջապես լսվել է Ալիկ Աբրահամյանի ձայնը. «Վահե, ես եմ, մի կրակի»:
Տեղում գտնվող դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Էդգար Գուլանյանը զգուշացրել է. «Վահե, մի կրակի, մի կրակի»:
Չնայած զգուշացումներին, Դերձյանը դիտավորությամբ, հայհոյանք տալով Աբրահամյանի հասցեին, ասել է՝ գնա մեռի, ու շուրջ երկու մետր հեռավորությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել և տեղում սպանել Ալիկ Աբրահամյանին:
2011 թվականի հուլիսի 24-ին, ժամը 1-ի սահմաններում Դերձյանը զինվորական գետնատնակում հանգստացող զինվորների վրա ջուր է շփել, ինչի պատճառով դիրքի ավագ, նրա նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտ Էդգար Գուլանյանը դիտողություն է արել, իսկ Դերձյանը Գուլանյանին երկու ապտակ է հասցրել:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համլետ Դավթյանի նախագահությամբ ընթացող դատաքննության ժամանակ Վահե Դերձյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Պատճառաբանել է, թե ինքը կրակել է՝ կարծելով, թե հակառակորդն է մոտեցել իրենց դիրքին:
Կրակոցների ժամանակ ինքն ընկել է գետնին, իրեն քաշելով իջեցրել են գետնատնակի առջևի հարթակ: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ոչ թե հակառակորդին է սպանել, այլ՝ Ալիկ Աբրահամյանին:
Դեպքի ժամանակ իր ձեռքին ֆանարիկ է եղել, բայց ինքը չի տեսել, որ իր դիմաց համածառայող է կանգնած:
Դեպքի պահին Ալիկ Աբրահամյանի հեռախոսի «սիմ» քարտն իր մոտ է եղել, ինքը վերցրել էր ու զանգել ծնողներին: Դեպքից հետո քարտը տվել է համածառայող Ս. Բաբայանին և ասել, որ պահի:
Կրակելուց առաջ չի լսել, որ Աբրահամյանն ու Գուլանյանն ասել են՝ մի կրակի:
Իր և Ալիկ Աբրահամյանի հարաբերությունները նորմալ են եղել:
Իրենք մեկ ամիս առաջ, մեկ այլ դիրքում իրենց հանդիպման առաջին օրը քնելու համար վիճել են, քանի որ ինքը Աբրահամյանին ասել էր, որ չնստի, թե չէ կքնի, իսկ նա հայհոյել էր: Ինքն ապտակել է նրան, որից հետո հաշտվել են: Իրենց վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաև Գուլանյանը:
2011 թվականի հուլիսի 24-ին ծառայակիցներին արթնացնելու համար ինքը մտել է գետնատնակ ու ջուր շփել նրանց վրա: Դրա համար վիճաբանել է Գուլանյանի հետ և երկու ապտակ հասցրել նրան: Հետո իրենք խոսել են, ամեն ինչ ավարտվել է:
Ալիկ Աբրահամյանի հայրը՝ տվյալ դեպքում արդեն տուժողի իրավահաջորդը, գտնվել էր Ռուսաստանում: Նրան տեղեկացրել էին, թե հարազատ է մահացել:
Միայն Հայաստան գալուց հետո էր հայրն իմացել, որ որդին է սպանվել:
Սկզբում լսել էր, թե Ալիկը դիպուկահարի կրակոցից է սպանվել: Հետո իմացել էր, որ Դերձյանն է կրակել ու սպանել նրան:
Ալիկը զինվորական ծառայության էր մեկնել 2010 թվականի հունիսի 1-ին Եղեգնաձորի զինկոմիսարիատից: Ըստ հոր՝ մեկ տարվա ծառայության ընթացքում որդին երբեք չէր դժգոհել:
Տուժողի իրավահաջորդի ցուցմունքի համաձայն՝ ինքը լսել էր, որ Վահե Դերձյանը որդուն սպանել է «սիմ» քարտի համար. որդին ցանկացել էր պարզել, թե քարտը ով է վերցրել, նրա հարցին ոչ մեկը չէր պատասխանել: Նա «քֆուր» էր տվել վերցնողի հասցեին, որի պատճառով Դերձյանի մոտ «թասիբ» էր առաջացել, ու նա սպանել էր Ալիկին:
Տուժողի իրավահաջորդը որդու ծառայակցից լսել էր, որ դեպքից հետո Վահեն «սիմ» քարտը տվել է նրան, որպեսզի ռազմական ոստիկանության աշխատակիցներն այն իր մոտ չգտնեն:
Էդգար Գուլանյանի ցուցմունքով՝ գետնատնակում զինծառայողների վրա ջուր շփելու համար ինքը դիտողություն էր արել Վահեին: Վերջինս երկու ապտակ էր հասցրել իրեն: Ինքը վատ էր զգացել իրեն և, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի, գետնատնակից դուրս էր եկել:
Գուլանյանն ասել է, թե ինքը լսել էր, որ Դերձյանի ու Աբրահամյանի միջև ուշանալու պատճառով վիճաբանություն էր եղել. Դերձյանը հայհոյել էր Աբրահամյանին ու մեկ անգամ ապտակել:
Զինծառայող Բաբայանի ցուցմունքով՝ սպանության ժամանակ դիրքում գտնվելով՝ ինքը լսել է Ալիկի ձայնը՝ Վահե, մի կրակի, ես եմ: Ինքը եղել է 4-5 մետր հեռավորության վրա: Չի լսել, որ Դերձյանը կրակելու ընթացքում հայհոյել է:
Լեյտենանտ Մուսինյանի կարծիքով՝ Աբրահամյանը տեսել էր, որ Դերձյանն է վերցրել երկու տուփ ծխախոտն ու «սիմ» քարտը, դրա համար էլ Դերձյանը սպանել է նրան:
Ընդհանուր իրավասության դատարանը մի քանի հոդվածներով մեղավոր է ճանաչել Վահե Դերձյանին ու վերջին հաշվով դատապարտել 17 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի հուլիսի 30-ից:
Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցը բավարարվել է մասնակի՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը՝ միջնորդելով դիտավորյալ սպանության համար դադարեցնել Վահե Դերձյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կանոնագրքային կանոնների խախտումների, այն է՝ ծառայակից Աբրահամյանին ու իր նկատմամբ պետ հանդիսացող Գուլանյանին ապտակելու համար սահմանել սանկցիայով նախատեսված մեղմ պատիժ, իսկ քաղհայցը՝ մերժել:
Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված նիստը չի կայացել դատախազի և տուժողի բացակայության պատճառով:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 23-ին:








































