Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը անցած հանգստյան օրերին Ստամբուլում 4-ժամանոց բանակցությունների ժամանակ չեն կարողացել իրար համոզել սիրիական ճգնաժամի վերաբերյալ իրենց առաջնայնությունների հարցում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնում է Hurriyet թերթը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին:
Բայդենը Թուրքիա իր եռօրյա այցի ընթացքում անցած շաբաթվա վերջին բանակցություններ է վարել Էրդողանի հետ, որոնց գլխավոր թեման եղել է ճգնաժամն Իրաքում և Սիրիայում:
Պարբերականի աղբյուրի տեղեկությամբ՝ Թուրքիան հրաժարվեւմ է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարի կոալիցիայի լիարժեք անդամ դառնալ, քանի դեռ ԱՄՆ-ը «համալիր ռազմավարություն» չի ընդունել, որը նպատակաուղղված կլինի ոչ միայն ԴԱԻՇ-ի դեմ, այլև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելուն: ԱՄՆ-ը հրաժարվում է դա անել, նաև մերժում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու Թուրքիայի առաջարկը:
Չնայած կողմերը համաձայնության չեն եկել՝ Թուրքիան ԱՄՆ-ի և ԴԱԻՇ-ի դեմ մյուս անդամների հետ կհամագործակցի «տակտիկական մակարդակում», նշում է աղբյուրը: Դա նշանակում է համագործակցության շարունակություն Թուրքիայի տարածքով Սիրիա օտարերկրացի գրոհայինների անցնելու դեմ պայքարի հարցում, համագործակցություն հետախուզական տեղեկության փոխանակման և սահմանների անվտանգության հարցերում: Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար իրաքյան բանակի և Իրաքյան Քրդստանի ռազմականացված միավորումներին (փեշմերգ) ուսուցանելու պարտավորություն է ստանձնել:












































