ՌԴ և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները խորհրդակցություն են անցկացրել Սիրիայի իրադրության և իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հանդիպումը կայացել է հունվարի 10-ին Մոսկվայում, ներկաների մեջ են եղել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխաիլ Բոգդանովը և Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Խորհրդակցությունը նվիրված է եղել Մերձավոր Արևելքի իրադրությանը, այդ թվում՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։
Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է Սիրիայում ընթացող բռնությունների, արյունահեղությունների և մարդկային զոհերի անհապաղ դադարեցում, հաղորդում է “Интерфакс”-ը։
Խոսվել է 2012-ի հունիսի 30-ին Ժնևում կնքված «Գործողությունների խմբի» կոմյունիկեի կարևորության մասին, որի նպատակն է Սիրիան պահպանել իբրև մեկ պետություն և հաշվի առնել հասարակության բորոր շերտերի շահերը։







































