Մերիլին Մենսոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտիստը կապ չունի համացանցում հայտնված հոլովակի հետ, որում իր No Reflection և Slo-Mo-Tion տեսահոլովակների կադրերն ուղեկցվում են երգչուհի Լանա դել Ռեյի բռնաբարության տեսարանով: Այս մասին հայտնում է Pitchfork պորտալը: Նրանց պահանջով հոլովակը ջնջվել է YouTube-ից:
«Մենսոնը ոչ նկարահանել է այդ հոլովակը, ոչ էլ դրանում նկարահանվել: Այդ տեսանյութը ոչ մի կերպ կապված չէ նրա երաժշտության հետ: Դա հավանաբար ֆանատների ձեռքի գործն է, որոնք երաժշտի նախորդ տեսահոլովակներից հատվածները կտրել են և միացրել ինչ-որ մեկի կողմից պատրաստված դել Ռեյի հոլովակի հետ»,- հայտարարել է Մենսոնի մամլո քարտուղարը:
Հոլովակը համացանցում հայտնաբերած Pitchfork-ի հեղինակները համարել են, որ հոլովակի ռեժիսորներն են Մենսոնն ու սարսափ-ֆիլմերի ռեժիսոր Էլայ Ռոտին, որը 2013թ. Լարի Քինգին պատմել է Մենսոնի և դել Ռեյի մասնակցությամբ իր նկարահանած «գարշելի հոլովակի» մասին:









































