Ամերիկացի նկարչուհի Ջորջիա Օ՝Կիֆի նկարը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 44.4 մլն դոլարով, ինչը համաշխարհային ռեկորդ է կին նկարիչների գործերի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Sotheby’s աճուրդի տանը:
«Թմբրախոտ սովորական/Սպիտակ ծաղիկ №1» նկարը մտնում է նկարչուհու, այսպես կոչված, ծաղկային շարքի մեջ: Կտավն աճուրդի էր ներկայացվել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում գտնվող նկարչուհու թանգարանի կողմից: Մեկնարկային գինը կազմել է 15 մլն դոլար:
Այսպիսով՝ նախկին ռեկորդը, որը պատկանում էր այլ ամերիկացի նկարչուհու՝ Ջոան Միտչելին, գերազանցվել է ավելի քան եռակի: Մայիսին նրա անանուն աբստրակտ կտավը Նյու Յորքի Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել էր 11.9 մլն դոլարով:
Օ՝Կիֆը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ ավանգարդիստ նկարչուհիներից մեկը: Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Մեքսիկոյում, որտեղ մահացել է 1986 թվականին՝ 98 տարեկանում:







































