Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը նամակ է ուղարկել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեին: Ռոսելը դա արել է անմիջապես այն բանից հետո, երբ թիմի առաջատար Լիոնել Մեսսին 4-րդ անգամ ստացել է «Ոսկե գնդակ»-ը:
Բացի այդ, տաղանդավոր արգենտինացին 2012թ. ընթացքում գերազանցեց «Բավարիա»-ի լեգենդ Գերդ Մյուլլերի «հավերժական» ռեկորդը (85 գոլ՝ 1972թ.)՝ հեղինակելով 91 գոլ:
««Բարսելոնա»-ն հարգում է «Բավարիա»-ին և Մյուլլերին: Այդ մասին են վկայում նաև երկու ակումբների խաղացողների պատմական նվաճումները, որոնք մեծ նվաճում են նաև համաշխարհային սպորտի համար»,- գրված է նամակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսսին Մյուլլերին էր նվիրել իր մարզաշապիկը, որի վրա գրված էին գովեստի խոսքեր գերմանացու հասցեին:








































