Երբ 2012 հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ ԱԳՆ շենքը վաճառքի ձևով օտարվեց «Տանգո» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է արգենտինահայ հայտնի ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը (գնորդը պետք է վճարեր ավելի քան $51,2 մլն դոլար և գույքն օգտագործեր բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր և պետք է պահպաներ գույքի պատմամշակութային արտաքին տեսքը), քաղաքացիական ընդվզումը դարձյալ մեծ էր՝ ինչո՞ւ նախօրոք հանրային քննարկման չեն դրել և ինչո՞ւ չկա ներքին հատվածի համար կնքված պարտավորագիր և այլն:
Դա էր, թերևս, այն հիմնական պատճառը, որ նախ՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ ԱԳՆ շենքը հանվեց աճուրդի, իսկ արդեն կառավարության դեկտեմբերի 27-ի որոշմամբ «Տանգո» ընկերությունը որպես պոտենցիալ գնորդ նշվեց, և եթե կառավարությանը չհաջողվի ավելի «շռայլե գնորդ գտնել, «Տանգո» ընկերությունը կգնի ԱԳՆ շենքը: ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էլ նշեց, որ սա զուտ պետության շահերից բխող գործարք է, և որպեսզի գործարքում մութ անկյուններ չմնան, որոշվել է աճուրդի տարբերակն ընտրել՝ հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը: Սակայն ճարտարապետական հանրությանը խնդրի այսպիսի լուծումը չի բավարարում:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահին հասցեագրված նամակ-բողոքում իրենք մի քանի կարևոր կետեր էին առանձնացրել. նախ, որ անօրինական գործարք է եղել, խախտումներից մեկն այն է, որ առանց աճուրդի է եղել, բայց սա ընդամենը խախտումներից մեկն էր, բացի այդ, առանց հանրային քննարկման է եղել և այլն:
Սաշուր Քալաշյանի դիտարկմամբ, խնդիրը բնավ էլ գործարքից ավելի մեծ եկամուտ ստանալը չէ, ինչպես նշում է պաշտոնյան: Գործարքը, նրա խոսքով, կատարվել է օրենսդրական խախտումներով, բայց խախտումներից կարևորն այն է, որ պատմության և մշակույթի հուշարձանը, եթե նույնիսկ վաճառքի է հանվում, պետք է ունենա պարտավորագիր, որը չկա տվյալ դեպքում: Իսկ այն, որ աճուրդի է հանվել առանց հանրության իրազեկման, դա էլ երկրորդ խախտումն է: «Այնպես որ, մեկ խախտումը չէ, որ պետք է վերացնեն, բոլոր խախտումները պետք է վերանան, իսկ իրենք ընդամենը մեկին են անդրադարձել՝ կարծելով, որ բողոքի դեմը կառնեն, աճուրդի հանեն, ասեն որևէ մեկը փող չտվեց, դրա համար էլ համարում ենք արդեն օրինական, բայց ո՚չ, մենք նորից կբողոքենք՝ ասելով, որ իրավունք չունեն աճուրդի հանել՝ առանց պարտավորագիրը աճուրդին ներկայացնելու»,- պնդեց ճարտարապետը: Նա վստահեցրեց, որ եթե պարտավորագիրը ներկայացնեն, ապա գնորդ չի գտնվի: Իսկ այս գործողությունները, ըստ նրա, ֆորմալ բնույթ են կրում, որ ասեն՝ ինչ-որ խախտում ենք արել, հիմա խախտումն ուղղել ենք, բայց սա միամիտ մարդկանց է հասցեագրված:
Շենքի աճուրդ, Սաշուր Քալաշյանի խոսքով, չի բացառվում, բայց պարտավորագիրը կարևոր է, քանի որ յուրաքանչյուր շենք, եթե դա հուշարձան է, ունի օգտագործման իր սահմանափակումները, այսինքն՝ ինքնաօգտագործման սահմանափակումներ պետք է լինեն, թե շենքը որպես ինչ կարելի է օգտագործել, որ այն վերափոխման անհրաժեշտություն չունենա: ԱԳՆ-ի շենքը, ճարտարապետի դիտարկմամբ, չի կարելի որպես հյուրանոց օգտագործել, քանի որ այն պարտադիր ձևափոխում է ենթադրում հյուրանոցի պարագայում, իսկ հուշարձանի ձևափոխումը ոչ միայն արտաքին տեսքին է վերաբերում: Ճարտարապետական հուշարձանը որպես հուշարձան երկու կոմպոնենտ ունի՝ և՚ ներքին, և՚ արտաքին պահպանման, ինչը մտնում է պայմանագրի մեջ. «Մենք ասում ենք պահպանման պայմանագիր չի կնքված հուշարձանների վերաբերյալ, պայմանագիրը կնքում է Մշակույթի նախարարության մասնագիտական բաժինը, իսկ նա երբեք համաձայնություն չէր տա, որ ԱԳՆ շենքն օգտագործվի որպես հյուրանոց»: Ըստ նրա՝ մենք ԱԳՆ-ի շենքի դեպքում նույն փաստի առաջ կկանգնենք, ինչ Ծածկած շուկայի դեպքում՝ արտաքին տեսքը պահպանվեց, բայց ներքինը՝ ոչ:
ԱԳՆ-ի շենքի հետ կապված բողոքը ուժի մեջ է մնում, քանի որ այստեղ բիզնես-շահեր են, իրենց գումար է պետք ցանկացած գնով, իսկ ցանկացած գնով գումար «առնելը» ամենաանբարոյական ձևն է, իսկ անբարոյականությունը միշտ գումարի հետ է կապված:
Ճարտարապետության ոլորտում համալիր խնդիրները Սաշուր Քալաշյանը պայմանավորում է պետական մարմիններում բանիմաց մարդկանց բացակայությամբ, մարդիկ են, ովքեր «ճարտարապետություն» բառը չեն էլ հասկանում ինչ է: Արդյունքում, ըստ նրա, պետությունն է տուժում, իսկ ազգն էլ կորցնում է իր դիմագիծը անվերադարձ:
Էդուարդո Էռնեկյանը դժվար թե նախնական գումարից ավելի գումար տրամադրի, քանի որ առանց այն էլ թանկ է գնում: Էդուարդո Էռնեկյանը, մեծ հաշվով, չի զիջում ԱԳՆ շենքը, պարզապես որոշման փոփոխություն տեղի ունեցավ, և ըստ ամենայնի, հենց նա էլ լինելու է գնորդը: Բացի այդ, շատերը կողմնակից են նրա գնելուն, քանի որ ունեն մի քանի՝ Կասկադի, Զվարթնոցի արդյունքները:








































