Չինական Southern Weekly պարբերականի աշխատակիցները հունվարի 8-ին համաձայնության են հասել իշխանությունների հետ։ Այս մասին տեղեկացրել է Financial Times-ը՝ հղում կատարելով հրատարակչության աշխատակիցների ներքին նամակագրությանը: Լրագրողները կվերադառնան աշխատանքի գրաքննության թուլացման խոստումների դիմաց:
Չինաստանի իշխանությունները խոստացել են հրաժարվել թերթի նկատմամբ կիրառվող որոշ միջոցներից: Մասնավորապես, լրագրողներն այլևս ստիպված չեն լինի իրենց նյութերի թեմաները համաձայնեցնել և հոդվածները ներկայացնել գրաքննիչներին: Բողոքներին մասնակցած հրատարակության աշխատակիցները չեն պատժվի: Փոխարենը, նրանք պետք է դադարեցնեն գործադուլը, իսկ Southern Weekly-ի թարմ համարը լույս կտեսնի արդեն հուվարի 10-ին:
Սակայն, ինչպես նշում է FT-ն, Southern Weekly-ի որոշ լրագրողներ կարծում են, որ իշխանությունների հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը միայն գործադուլը դադարեցնելու ժամանակավոր միջոց է, որը հետագայում իշխանությունները կարող են չկատարել: Բացի այդ, մեկ հրատարակության նկատմամբ գրաքննության թուլացումը չի տարածվում Չինաստանի այլ ԶԼՄ-ների վրա:
Չինաստանի ամենախոշոր լիբերալ Southern Weekly պարբերականի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել երկուշաբթի օրը՝ հունվարի 7-ին: Գործադուլի պատճառն իշխանությունների կողմից խոսքի ազատությունն ապահովող դեմոկրատական սահմանադրություն ընդունելու կոչեր պարունակող ամանորյա համարի խմբագրականի արգելքն էր հանդիսացել:
Երկրի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ գործադուլն արտերկրյա գործակալների կողմից է կազմակերպվել: Իշխանությունը հուշագիր է թողարկել, որտեղ հայտարարվում է, որ իշխանությունները նախկինի պես «վերահսկում են բոլոր ԶԼՄ-ները», և դա փոփոխության ենթակա չէ:







































