«Մթնշաղ. Սագա. Արևածագ. Մաս 2» (The Twilight Saga: Breaking Dawn – Part 2) ֆիլմը առաջատար է դարձել «Ոսկե ազնվամորու» համար անվանակարգերում,- հաղորդում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:
Վամպիրների սագայի վերջին մասը ներկայացված է 11 անվանակարգերում, այդ թվում՝ «վատագույն ռեժիսոր», «վատագույն ֆիլմ», «վատագույն սցենար»: Գլխավոր դերակատարներ Ռոբերթ Փաթիսոնը և Քրիսթեն Ստյուարտը ևս ներկայացված են վատագույն դերասանների ցուցակում:
«Մթնշաղ» ֆիլմի մրցակից են հանդիսանում «Ծովամարտ», «Հազար բառեր», «Մեծ արկածներ օդապարիկով» ֆիլմերը:
«Վատագույն դերասան» տիտղոսի համար Փաթիսոնի հետ պայքարում են Թեյլոր Փերրին, Էդդի Մերֆին, Նիկոլաս Քեյջը և Ադամ Սենդլերը:
Ստյուարտի հետ մրցակցում են Միլա Իվովիչը, Բարբարա Սթրեյզանդը և նույն Թեյլոր Փերրին, որը կանացի դեր է կատարել:
«Ոսկե ազնվամորին» հանձնվում է ամեն տարի ամենակասկածելի կինոձեռքբերումների համար:







































