Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիտդը և Նյու-Մեքսիկոյի նախկին նահանգապետ Բիլլ Ռիչարդսը երեքշաբթի ԿԺԴՀ կատարած այցելության շրջանակներում այցելել է Փհենյանի համալսարան, որտեղ հյուսիսկորեական ուսանողները ցուցադրել են նրանց, որ օգտվում են Google-ի որոնողական համակարգից և առցանց Wikipedia հանրագիտարանից,- հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հյուսիսկորեական կառավարությունը խստորեն վերահսկում է քաղաքացիների կողմից համացանցից օգտվելու գործընթացը։ ԿԺԴՀ-ի միայն երեք ուսումնական հաստատություններ մուտք ունեն համացանց: Այդ հաստատությունների ուսանողները կարող են դիտել տեղական լրահոսը և օգտվել մի քանի թույլատրված կայքերից: Հիմա համացանց մուտք ունենալու համար հարկավոր է պաշտոնական թույլտվություն ստանալ:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը Շմիտդի և Ռիչարդսի այցելությունը ԿԺԴՀ անիմաստ է անվանել: Նա ընդգծել է, որ վերջիններս Փհենյան են մեկնում որպես մասնավոր անձիք և չեն կարող համարվել ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներ:











































