ԱՄԷ-ի գերագույն դատարանն արդարացրել է 36-ամյա բելգիացի Թոմ Միշելսենին, ով մեղադրվել էր թմրանյութերի մաքսանենգության մեջ և յոթ տարի անցկացրել արաբական պետության բանտում։ Երեքշաբթի օրն այս մասին հաղորդել են բելգիական ԶԼՄ-ները։
Ըստ լրատվամիջոցների՝ Միշելսենը մեկնել էր ԱՄԷ՝ խոհանոցային պարագաներ վաճառելու։ Երկու շաբաթ հետո նա տասնյակ այլ մարդկանց հետ ձերբակալվել էր՝ 2 500 կգ մարիխուանա Անտվերպենից ներմուծելու համար։ ԶԼՄ-ները հայտնում են, որ բելգիացին խոստովանական ցուցմունք է տվել ճնշումների ազդեցության ներքո։
Միշելսենը դատապարտվել էր 10 տարի ժամկետով, որից 7-ը արդեն կրել է։ ԱՄԷ-ի գերագույն դատարանը որոշել է, որ բելգիացու մեղադրանքի ապացույցները բավարար չեն։ Սպասվում է, որ Միշելսենը կազատվի մի քանի շաբաթվա ընթացքում։









































