«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանի խոսքերով, Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի Հայաստան այցելության պաշտոնական պատճառաբանությունը Շվեյցարիայի դեսպանատան բացումն է, ինչպես նաև մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի Շվեյցարիա այցի նախապատրաստումն է:
Շահինյանի դիտարկմամբ, այս ամենը կարմիր թելով տանում է դեպի հայ-թուրքական գործընթաց, և օրակարգը շատ հստակ է: «Այժմ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանի հասարակությունը և մանավանդ խորհրդարանը կաջակցեն այս արձանագրություններին, քանզի բուն խնդիրը այսօր խորհրդարանն է»:
Շահինյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն դադարել, և դրանք դատապարտված են շարունակվելու, դժբախտաբար այն սխալ ուղղությամբ, որը դրվել է այդ արձանագրությունների հիման վրա:
Նա վստահաբար նշեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց ժամանակ անկասկած ձայների մեծամասնությամբ հաղթելու է ներկայիս վարչակարգը, հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն հենց թուրքական խորհրդարանում:
«Հստակ է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, ապա մեկ ամիս դեռ չանցած` նույնը կանի նաև Հայաստանի խորհրդարանը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Սարգիս Շահինյանը: