«HS-STAR ծրագրի վերանայումն ընթացքի մեջ է: ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի մինչև ծրագրի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կարևոր աշխատանքներն ընթանան նվազագույն ընդհատումներով»,- «Առաջին լրատվական»-ին ուղարկած պատասխանում տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ հավաստիացնելով, որ «ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի առողջապահական հարցերի շուրջ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ»: ԱՄՆ դեսպանատունն այդպես էլ չի պատասխանել, թե հատկապես ինչ պատճառով է կասեցվել ծրագիրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս ԱՄՆ կառավարությունը որոշել է կասեցնել Հայաստանի առողջապահության ոլորտին աջակցող` «Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում» HS-STAR եռամյա ծրագիրը: Որոշ տեղեկություններով՝ ծրագիրը կասեցվել է, քանի որ դրա իրականացումը բացասական գնահատականի է արժանացել ԱՄՆ կառավարության կողմից: Հայտնի է, որ ծրագիրն իրականացվում է USAID-ի առողջապահական ծրագրի միջոցով:
Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2011թ.-ի փետրվարին և պետք է ավարտվեր 2014-ի հունվարին, սակայն արդեն իսկ ամերիկյան կողմը որոշել է կասեցնել այն և դադարեցնել ֆինանսավորումը: Այնպես որ` ծրագիրը կիրականացվի մինչև փետրվար:
HS-STAR ծրագիրն ուղղված էր հաղթահարելու առողջապահության ոլորտում ֆինանսավորման, ղեկավարման և կառավարման, մարդկային ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի հետ կապված հիմնական արգելքները, որոնք խոչընդոտում են որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրմանն ու հասանելիությանը: Իրականացվելով «Էբթ Էսոուշիըթս»-ի կողմից` HS-STAR ծրագիրը, այսպես ասած, շարունակել է ԱՄՆ ՄԶԳ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (PHCR) ծրագիրը, ՆՈՎԱ և ՆՈՎԱ 2 ծրագրերը: Այս ծրագրերն ուղղված էին Հայաստանում առողջության առաջնային պահպանման ծառայությունների, մոր և մանկան առողջության, վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների որակի ու հասանելիության բարելավմանը:











































