ԵՄ միջազգային հարաբերությունների և քաղաքական անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ափսոսանք է հայտնել, որ Սիրիայի վարչակարգը պատրաստ չէ հակամարտությունը քաղաքական դաշտում լուծելու պատասխանատվություն ստանձնել:
Կիրակի օրը Բաշար Ասադը հանդես էր եկել Սիրիայի ժողովրդի առաջ և ներկայացրել հակամարտության փուլային լուծման իր տեսլականը, որի համաձայն պետք է օտարերկրացիների կողմից դադարեցվի ահաբեկիչների ֆինանսավորումը, այնուհետև նոր կառավարություն ստեղծվի, մշակվի նոր սահմանադրություն և հայտարարվի համընդհանուր համաներում:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան մեկ անգամ ևս կոչ էր արել Սիրիայի ընդդիմադիր կոալիցիոն ուժերին աջակցել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի ջանքերին`ուղղված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:
Սիրիայի հակամարտությունը, որի ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ, սկսվել է 2011 թ. մարտից:









































