Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է: Մասնավորապես, 2013 թվականին մարզում ծնելիությունը կազմել է 10.5 տոկոս, 2012-ին՝ 11 տոկոս, իսկ 2011-ին առավել ցածր, քան 2013-ին՝ ընդհամենը 10.4: Մինչդեռ նույն թվականներին ուրիշ մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Կոտայքում և այլն, ծնելիությունը 14.5 տոկոս և քիչ պակաս է եղել:
Ժողովրդագիրները սա բացատրում են Սյունիքի մարզում իշխանությունների վարած քաղաքականությամբ: Մասնավորապես կադրային քաղաքականությամբ, ինչով էլ պայմանավորված՝ մարդիկ նախընտրում են լքել մարզը և ապրուստի միջոցներ գտնել կամ այլ մարզերում, կամ առհասարակ երկրից դուրս: «Իհարկե, սա այս տարիների գործունեության, անձերի, իշխանությունների քաղաքականության հետևանքն է: Սյունիքի մարզը, որը Երևանից հետո երկրորդն է իր տնտեսական կարողություններով, ամենացածր ցուցանիշն ունի, ինչը սարսափելի է»,- օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր տնտեսագետ, ժողովրդագրագետ Բագրատ Ասատրյանը:
Վերջինիս համոզմամբ՝ իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարներ ընտրելիս առաջնորդվում են միայն մի նպատակով, որպեսզի տվյալ անձինք ընտրություններին ձայն ապահովեն իշխանության համար, իսկ ժողովրդագրական հարցերը ոչ ոքի չեն հուզում: Ըստ Ասատրյանի՝ մարզում ծնելիության նվազման միտումը լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ Սյունիքը սահմանային շրջան է, Իրանի հետ կապ հաստատող միակ օղակ է, ու եթե այդ շրջանները հայաթափվում են, բնական վերարտադրություն չկա, ապա դա աղետալի հետևանքների կարող է հանգեցնել:
Գործարար, մարզպետի ընտրություններին առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած Տիգրան Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, իհարկե, նմանատիպ հարցերում իշխանությունների ազդեցությունը և դերը շատ մեծ է: «Օրինակը բիզնեսի մասով բերեմ: Վերջին մեկ տարվա ընթացքում, երբ Վահե Հակոբյանն էր մարզպետ, շատ լուրջ և շատ դրական բիզնես միջավայր էր ստեղծվել մարզում, իսկ դրանից հետո ինչ է հիմա կատարվում՝ տեսնում եք ինքներդ: …Ես հիմա Հայաստանում չեմ, արտերկրում եմ, բիզնես պրոյեկտ ունեմ, որը նույնպես արտերկրում եմ իրականացնելու: Մնացածը դատեք ինքներդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չհամաձայնեց պաշտոնական թվերի հետ, թե մարզում ծնելիության մակարդակը շատ ցածր է: «Էս տարի 15 հոգով ավելացել ա անցած տարվա համեմատությամբ: Ու դեռ մեկուկես ամսից ավելի ունենք, ու էդ թիվը դեռ կավելանա: Ձեզ սխալ են ասել: Ես խնդիր չեմ տեսնում: Այս տարի բավական ավելացել է նաև առաջին դասարանցիների թիվը ու էկող տարի էլի կավելանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը: Մեր դիտարկմանը, թե 15 հոգին այդքան մե՞ծ թիվ է՝ համարելու, որ ծնելիության աճ կա, մարզպետը նկատեց. «Այո, ծնելիության աճ կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղերի խնդիրը լուծվի, որ մարդիկ չբացակայեն, և ծնելիությունն էլ շատանա»:
Սուրիկ Խաչատրյանը չհամաձայնեց մարզից արտագաղթի ավելացումն ու ծնելիության անկումը իշխանությունների վարած կադրային քաղաքականությամբ, ղեկավար մարմիններից հիասթափությամբ պայմանավորելուն: «Մեր մարզում այդպիսի խնդիր չկա, որ մարդիկ հիասթափվեն, կամ, չգիտեմ, մարդկանց ազատեն աշխատանքից, որ իրենք էլ թողեն գնան: Եթե մարդիկ իրենք իրենց կամքով թողում գնում են, դա ուրիշ խնդիր է, բայց նրանց նկատմամբ ոչինչ չի արվում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես 1 ամիս 15 օր է, ինչ աշխատում եմ»,- ասաց Խաչատրյանը: Մեր դիտարկմանը, թե ինքը սրանից առաջ նույնպես շատ երկար պաշտոնավարել է մարզում, արձագանքեց. «Դե, շատ երկար պաշտոնավարման ժամանակ էդպիսի խնդիր չի եղել, որ կադրային ջարդ արվի, կամ, չգիտեմ, մարդ հեռացվի գործից, որ թողի գնա: Ամեն ինչ կարգին ա էղել»,- եզրափակեց Սյունիքի մարզպետը:
Նշենք, սակայն, որ մինչ մարզպետը խոսում է մարզում ծնելությունը խթանելու մասին, ընդամենը վերջերս Գորիս քաղաքում մանկապարտեզները դարձան վճարովի: Իսկ մինչ այդ մանկապարտեզները ֆինանսավորում էր Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամը: Գորիս քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններ է հաճախում մոտ 1000 երեխա, իսկ երեխաների ծնողներից գանձվող ամսական վարձավճարի չափը 4000 դրամ է:











































