Սպիտակ տան կայքիWe the People նախաձեռնությունների բաժնում միջնորդագիր է հայտնվել, որով հեղինակները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում սիրիացի փախստականների համար բացել Հայաստանի հետ սահմանը:Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:
«Սիրիական պատերազմում ավելի քան 60 հազար մարդ է զոհվել: 500 հազարը փախել են պատերազմից ու մահից… սակայն միլիոնավոր մարդիկ դա անել չեն կարող: Միայն մի քանի ավիաընկերություններ են շարունակում թռիչքներն այդ երկիր, տոմսերը խիստ սահմանափակ են: Մեծ մասամբ մարդիկ Սիրիայից փախչում են ավտոբուսներով և ավտոմեքենաներով:
Սիրիայում բնակվող 200 հազար էթնիկ հայեր կան, որոնք ցանկանում են փախչել Հայաստան, որտեղ իրենց ապահով, հարմարավետ կզգան, աշխատանք և բնակության վայր կգտնեն, դպրոցներ կհաճախեն:
Ճանապարհը Սիրիայից Հայաստան անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին: Դա մեծ խնդիր է հայ փախստականների համար»:
Հեղինակները Վաշինգտոնին խնդրում են դիմել Թուրքիային՝ գոնե հանուն փախստականների, առանց նախապայմանների սահմանները բացելու կոչով:
«21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»,- եզրափակում է միջնորդագիրը:
Միջնորդագրի ներքո այս պահին հավաքվել է 77 ստորագրություն. անհրաժեշտ շեմը 25 հազարն է: Ստորագրությունների վերջնաժամկետը 2013-ի փետրվարի 3-ն է: Ձեր ստորագրությունը կարող եք թողնել այստեղ:












































