Առատ ձյան տեղումների ու ձնահյուսքերի հետևանքով փակվել է Տրանսկովկասյան մայրուղին, որը Ռուսաստանը միացնում է Անդրկովկասին` հաղորդում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը:
Մայրուղին փակվել է երկուշաբթի՝ հունվարի 7-ին, Երևանի ժամանակով ժ. 12:30-ին:
Տրանսպորտային երթևեկությունը կանգնեցվել է Բուրոն գյուղի (Հյուսիսային Օսիա) և Ռոքի թունելի հյուսիսային հատվածում:
Հունվարի 7-ի գիշերը տեղացած առատ ձյան հետևանքով ձյան ծածկույթի բարձրությունը ներկայում հասնում է 80 սմ-ի` նշվում է արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Տեսանելիությունը սահմանափակ է, ինչի պատճառով էլ փրկարարները չեն կարողանում մաքրել ճանապարհները:
Այսօր առավոտյան ձյան տեղումների պատճառով փակվել էր նաև Ռազմավիրական ճանապարհը, որը Վլադիկովկասը (Ռուսաստան) միացնում է Թբիլիսիին (Վրաստան):
Երթևեկությունը դադարեցված է նաև Վլադիկովկասի ու Վերին Լարսի միջև:









































