Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է բուհերի ցուցակը, որոնք կդառնան օտարերկրյա աշխատողների համար ատեստավորման պաշտոնական հարթակներ: Բացի այդ, նախարարությունը պատմության և իրավունքի թեստերը բաժանել է ըստ բարդության մակարդակների: Դրանք ամենաբարդը կլինեն այն ներգաղթյալների համար, ովքեր ցանկանում են կեցության իրավունք ստանալ:
Իսկ այն ներգաղթյալները, ովքեր միայն աշխատանքի թույլտվություն են խնդրում, կհանձնեն թեստի հեշտացված տարբերակը: Նրանք պետք է ճիշտ պատասխանեն 10 հարցերից 5-ին, մինչդեռ կեցության իրավունքի հավակնողները պետք է պատասխանեն թեստի բոլոր՝ 20 հարցերին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:
Ներգաղթյալները կարող են ռուսերենից, պատմությունից և իրավունքից նոր, համալիր քննությունը հանձնել 5 բուհերում՝ Մոսկվայի պետական համալսարանոմ, Ժողովուրդների բարեկամության ռուսական ինստիտուտում, Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում և Խաբարովսկում գտնվող Խաղաղօվկիանոսյան պետական համալսարանում:
Քննությունը հանձնելը ներգաղթյալին կարժենա 4500 ռուբլի: Հավաստագիրը կունենա 5 տարվա վավերականության ժամկետ, որից հետո ներգաղթյալը պետք է կրկին ստանա հավաստագիր:









































