Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ դադարեցրել է իր հացադուլը, որ հայտարարել էր 15 օր առաջ և այն անցկացնում էր Ազատության հրապարակում: Բոլորին է, թերևս, հայտնի, թե ինչ բանավեճերի, թեժ քննարկումների, նույնիսկ տարբեր անհատների միջև անձնական վիրավորանքների տեղիք տվեցին հացադուլի քաղաքական նշանակության կամ ոչ մի նշանակություն չունենալու մասին քննարկումները: Պետք է արձանագրել, որ Հովհաննիսյանին հաջողվեց բավական աղմուկ բարձրացնել քաղաքական, քաղաքացիական դաշտում: Ամբողջ հարցը, սակայն, 15-օրյա հացադուլից հետո այն է, թե ի՞նչ արդյունք տվեց այն քաղաքական, քաղաքացիական, հասարակական իմաստով:
Ինչի՞ն նպաստեց հացադուլը, ի՞նչ փոխեց երկրի կյանքում, ի՞նչ նոր բան ավելացրեց, նոր հույս, նոր որակ: Այդ հարցերի առումով կարծես թե դրական պատասխանների տեղիք չկա: Բացի աղմուկից ու բանավեճերից, բացի գրեթե թշնամության հասնող բաժանումներից` հացադուլի այլ տեսանելի արդյունք առայժմ կարծես թե չկա: Ամենևին չենք ուզում խորամուխ լինել այն հարցում, թե այդ թոհուբոհի, աղմուկի մեջ ո՞վ էր ճիշտ և ո՞վ սխալ, ո՞վ էր արդարացի և ո՞վ անիրավ: Այդ աղմուկն ինքնին, բացի հասարակական էներգիա խլելուց, ուրիշ որևէ բան չտվեց հասարակությանը, պետությանը, պետության վերափոխման համար պայքարին: Մյուս կողմից, սակայն, կարելի է նաև ասել, որ աղմուկի մեջ, այնուհանդերձ, շատ բաներ ի հայտ եկան, որոնք սովորական իրավիճակներում մնում են ջրի տակ: Այդ աղմուկի մեջ շատ մարդիկ անկեղծացան, շատերը հստակվեցին, շատ դեպքերում երևաց ով ով է, ինչ պոտենցիալ ունի, ինչ նկարագիր, ինչ արժեհամակարգ: Սակայն կրկին չշտապենք գնահատել: Առայժմ:
Ընդամենը արձանագրենք փաստերը, որոնցից ընդհանուր եզրակացությունը, թերևս, այն էր, որ իրավիճակը Հովհաննիսյանի հացադուլից առաջ և հացադուլից հետո, ըստ էության, որևէ էական փոփոխություն չի կրել` օրակարգի հարցերը ինչպես կային, այդպես էլ շարունակում են մնալ խիտ և հրատապ: Ինչպես հացադուլի մեկնարկին մաղթեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին առողջություն` կասկած հայտնելով, թե արդյոք ինչքանո՞վ է ներկայումս պայքարի համարժեք ձև հացադուլը, այնպես էլ առողջություն ենք մաղթում այժմ` մաղթելով ուժերի արագ վերականգնում: Ի վերջո, արված է քայլ, որը եթե արդյունավետ էլ չլիներ, գոնե ընդհանուր առմամբ կլինի ուսանելի, ընդ որում` շատերի համար: Իսկ Հայաստանի խնդիրները շարունակում են մնալ, հետևաբար շարունակում է մնալ նաև հասարակության թիվ մեկ խնդիրը` որքան հնարավոր է արդյունավետ պայքարի գործընթաց, որքան հնարավոր է արագ գործընթաց, որքան հնարավոր է օպերատիվ գործընթաց, քանի որ խնդիրը վաղուց արդեն ոչ թե հայրենիքի ու պետության առողջությունն է, այլ հայրենիքի ու պետության կյանքը:











































