Մեքսիկայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբն ավելի քան 1 ամիս առաջ անհետ կորած ուսանողներին գտնելու պահանջով բազմահազար երթի անցկացման օրը հրդեհել է ճեպընթացի կայարանը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Քաղաքի հանրային անվտանգության նախարարության տեղեկությամբ՝ խուլիգանները բռնկվող նյութով լի շշեր են օգտագործել կայարանը և հարձակման պահին այնտեղ եղած ավտոբուսն այրելու համար: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Մեխիկոյի կենտրոնում այդ օրը թվով երրորդ զանգվածային ակցիան է տեղի ունեցել Իգուալա քաղաքում կորած ուսանողներին գտնելու՝ իշխանություններին ուղղված պահանջով: Իշխանությունների գնահատմամբ՝ դրանց մասնակցել է մինչև 70 000 մարդ, նրանք երկրի նախագահի նստավայրի մոտից երթով անցել են մինչև կենտրոնական Սոկալո հրապարակ, որտեղ երկժամյա միտինգ են անցկացվել:
Ուսանողները կորել են սեպտեմբերի վերջին, երբ Իգուալայում ոստիկանությունը և հանցագործներ քաղաքապետի հրամանով հարձակվել են բողոքող ուսանողների վրա: Դեպքի վայրում 6 մարդ է սպանվել, ևս 43 ուսանող անհետ կորել է: Այդ ժամանակվանից դաշնային իշխանությունները որոնողական աշխատանքներ են կատարում: Ներկայումս Իգուալայի նախկին ղեկավար Խոսե Լուիս Աբարկան և նրա կինը ձերբակալված են: Հետաքննությունը ենթադրում է, որ նրանք կարող էին հրամայել հարձակվել ուսանողների վրա և առևանգել նրանց:










































