Վաղը կառավարության նիստում կհաստատվի Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց ձորրի մարզպետ նշանակելու որոշումը: Թե ինչու ՀՀԿ-ի ընտրությունը կանգ առավ ոչ մի բանով աչքի չընկած քաղաքապետի վրա՝ հասկանալի չէ: Չնայած որոշ շրջանակներում Հարություն Սարգսյանի ընտրությունը մեկնաբանվում է նրանով, որ վերջինս համարվում է Վայոց ձորում հայտնի ՀՀԿ-ական, գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանի հովանավորյալը, ինչպիսին և Էդգար Ղազարյանն էր, որը, սակայն, զոհ դարձավ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիական կապերին: Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո այդպես էլ չէր կարողանում ներել Ղազարյանին իր խնամուն վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ Եղեգնաձորի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Էդգար Ղազարյանը, հորդորելով ընտրել ՀՀԿ-ական թեկնածուին, ասել էր․ «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու։ Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-ով կընկնեն հետևից կգան, դեմը կկանգնեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»։ Ծառուկյանն էլ հակադարձել էր ՀՀԿ-ական մարզպետի դիտարկմանը՝ նրան անվանելով խակ ծիրան և ջերմուկ ծախող։ «… ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել։ Այս ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է՝ ծիրանի ցոգոլ»,- ասել էր Ծառուկյանը։
Եվ չնայած Էդգար Ղազարյանը համարվում է Սերժ Սարգսյանի կադրը ու ինչպես արդեն նշեցինք՝ Աշոտ Արսենյանի հովանավորյալը, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանին հաջողվեց հասնել իր ուզածին: Հարություն Սարգսյանին, սակայն, Հովիկ Աբրահամյանը չի ընտրել: Այս ընտրությունը ևս Սերժ Սարգսյանինն է՝ Արսենյանի միջնորդությամբ:
Հ. Սարգսյանը, ինչպես արդեն նշեցինք, երբևէ աչքի չի ընկել իր ակտիվությամբ՝ թե կուսակցական գործունեությամբ և թե որպես քաղաքապետ: Նա քաղաքապետ ընտրվելուց առաջ եղել է Վայքի հարկայինի պետը, դրանից առաջ մարզի հարկայինի պետի տեղակալը, ապա մարզպետի տեղակալը: Վայքի քաղաքապետ էլ նա ընտրվեց ՀՀԿ-ի գործուն միջամտությամբ: Քաղաքում անցկացված երկու ընտրությունների ժամանակ էլ Սարգսյանն ակնհայտորեն պարտվել էր մեկ այլ թեկնածուի՝ անկուսակցական, ԵԿՄ անդամ, Վայքում հայտնի Թարո Հակոբյանին: Սակայն վերջնաարդյունքում ձայներն այնպես «դասավորվեցին», որ Սարգսյանը մեկ-երկու ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրվեց: Ասում են՝ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո Թարո Հակոբյանը կրկին առաջադրվելու է և, ամենայն հավանականությամբ, ընտրվելու է քաղաքապետ:
Ինչևէ, «Առաջին լրատվականը» հենց Հ. Սարգսյանից փորձեց պարզել, թե իր որ արժանիքը հաշվի առվելով է ՀՀԿ-ն իրեն մարզպետ նշանակում:
– Կարծում եմ՝ հաշվի է առնվել իմ աշխատանքային փորձը: Ես փոխմարզպետ եմ աշխատել, համայնքի ղեկավար եմ եղել, կենսաթոշակային, հարկային համակարգում եմ աշխատել, վարչության պետ եմ եղել: Հաշվի է առնվել Աշխատանքային փորձը և այլն: Միանշանակ տրամադրված եմ աշխատանքի: Բոլոր խնդիրներին ծանոթանալուց հետո կանցնեմ գործի:
-Պարոն Սարգսյան, հայտնի է, որ մարզկենտրոնի քաղաքապետը ԲՀԿ-ական է: Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել արդեն իսկ ընդդիմադիր քաղաքապետի հետ: Կարծում եք՝ խնդիրներ չե՞ն առաջանա:
-Կարծում եմ, որ ոչ մի խնդիր չի առաջանա, որովհետև շատ լավ ճանաչում են Հարությունյան Դավիթին, մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ է, և անկախ նրանից՝ ինչ կուսակցության անդամ է, նա համայնքի ղեկավարն է: Եվ ես պարտավոր եմ հարգել մեր ժողովրդի ընտրյալին, ևպիտի աշխատենք համատեղ քաղաքի խնդիրները կարգավորելու համար:
–Բայց ձեր մտերիմ հարաբերություններից զատ, նա ԲՀԿ-ական է, իսկ ԲՀԿ-ն ընդդիմություն է այլևս, հանրահավաքներ է անում: Եթե ԲՀԿ-ն մարզային հանրահավաքներ անի, ինչպե՞ս եք վարվելու, ճնշումներ չե՞ք գործադրելու:
– Ես արդեն ասացի, որ մենք լավ հարաբերություններ ունենք: Իսկ մնացած խնդիրներին ես նորմալ եմ վերաբերվում, շատ լավ հարաբերություններ պետք է ունենանք անկախ կուսակցական պատկանելությունից: Կարևորը համայնքների, մարզի խնդիրներին լուծում տալն է, և ոչ թե կուսակցական հարցերը:
–Պարոն Սարգսյան, ամեն դեպքում, մտավախություն չունե՞ք, որ կարող եք նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի բախտին արժանանալ, երբ վերջինս Ծառուկյանին քննադատելու պատճառով ազատվեց պաշտոնից:
-Նախ՝ մարզպետի ազատման պատճառը, չեմ կարծում, ԲՀԿ-ի հետ ընդհարվելն էր: Եվ հետո՝ պաշտոնանկություն չի արվել: Նա տեղափոխվել է այլ աշխատանքի՝ Լեհաստանում դեսպանի պարտականություններ կատարելու: Ես կրկնում եմ, որ շատ լավ հարաբերությւոններ պետք է ունենանք՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Ես մի բան եմ պատկերացնում, որ մարզպետը և բոլոր համայնքների ղեկավարները յուրաքանչյուրը պետք է մնա իր իրավունքների և պարտականությունների մեջ:









































