Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով Հայաստան իր հարգանքն է մատուցելու հարևան բարեկամ պետությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի վերամիավորման հարցերով պետնախարար, քաղաքական փորձագետ Պաատա Զաքարեաշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնական այցին Հայաստան:
Փորձագետը նշեց, որ Իվանիշվիլին, ստանձնելով Վրաստանի վարչապետի պաշտոնը, իր առաջին պարտականությունն է համարում այցելել հարևան բարեկամ երկրներ՝ այդ կերպ իր հարգանքի տուրքը մատուցելով այդ պետություններին, ցանկանալով ցույց տալ, որ Վրաստանում որոշումները կայացվում են երկու պետությունների շահերը հաշվի առնելով:
«Այցն ավելի պաշտոնական, ճանաչողական բնույթ է կրելու: Երկու երկրների միջև շատ հարցեր առանց այցերի են համակարգվում՝ նախարարությունների և այլ գերատեսչությունների միջոցով, ուստի այս այցը Հայաստանին ծանոթանալու, երկու երկրների համընդհանուր հարցերը, տարածաշրջանային միտումները քննարկելու առիթ է՝ ցույց տալու, որ Վրաստանը հարցեր լուծելիս և որոշումներ կայացնելիս հաշվի է առնելու իր գործընկեր երկրների շահերը ևս»,- մեկնաբանեց Պաատա Զաքարեաշվիլին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հունվարի 17-ին կայանալու է իր պաշտոնական այցը Հայաստան: Հայաստանից հետո հաջորդ այցը լինելու է Թուրքիա: Իվանիշվիլին ծրագրել է ԱՄՆ այցելել գարնանը:












































