«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը:
–Ի՞նչ է կատարվում այս պահին Վրաստանում: Մենք գիտենք, որ Ալասանիան և նրան հետևած պաշտոնյաները մեկը մյուսի ետևից լքում են իրենց ղեկավարած գերատեսչությունների շենքերը: Հայտարարվեց, որ նրա ղեկավարած կուսակցությունը այլև մաս չի կազմում կոալիցիային: Ի՞նչ է սպասվում Վրաստանին:
–Վերջին ամիսների ընթացքում արդեն հայտնի էր դարձել, որ Իրակլի Ալասանիան ցանկանում է վերադառնալ կուսակցություն: Նշանակումից հետո նա հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից, իսկ նոյեմբերի 8-ին նշանակված էր իրենց Ազատ-դեմոկրատական կուսակցության նիստը, որի ընթացքում նա պետք է վերադառնար և ղեկավարեր կուսակցությունը: Երբ որ 2012 թ. Բիձինա Իվանիշվիլին ստեղծում էր այդ կոալիցիան, նախընտրական շրջանում և դրանից հետո 5 կուսակցություն միացավ այդ գաղափարի շուրջը, և կոալիցիայի իշխանության գալուց հետո ինքն արդեն ստեղծեց իր կուսակցությունը՝ «Վրացական երազանքը»: Խորհրդարանում մանդատներ ստացան այդ կուսակցության ներկայացուցիչները:
Այս պահին Ալասանիան ունի 10 մանդատ և մի քանի նախարարներ, ովքեր ստացել էին շատ լուրջ պաշտոններ: Սկզբից ևեթ այդ նախարարները ժամանակ առ ժամանակ տարբեր ելույթներով տարբեր երկրներում տարբերվում էին իրենց հայտարարություններով նախագահից և վարչապետից դեռևս Բիձինայի օրոք, բայց դա ավելի ընդգծվեց Ղարիբաշվիլիի իշխանության գալուց հետո: Խոսքն ընդգծված արևմտամետության մասին է: Երբ որ ՌԴ-ի հետ երկխոսություն սկսվեց, իրենք ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս հակառուսական ելույթներով, ինչը դուր չէր գալիս վարչապետին:
–Հնարավո՞ր չէր պահապանել կոալիցիան, չհեռացնել Ալասանիային: Նկատի ունենալով, որ Ալասանիան ուզում է վերադառնալ կուսակցություն, ստեղծել այնպիսի պայմաններ, որ դա տեղի չունենա:
–Վերջին ժամանակներս Ալասանիան շատ էր արտերկրում լինում և այցելություններ կատարում Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ և այլն: Ինքը գիտի, որ աջակցություն ունի ԱՄՆ-ից: NDI-ի հետազոտությունները ցույց են տվել նույնիսկ, որ Ալասանիան ավելի հայտնի է Վրաստանում, ամենահաջող նախարարն է, վստահությունը նրա հանդեպ մի քանի տոկոսով ավելի բարձր է, քան գործող վարչապետինը: Չնայած հենց «Վրացական երազանքի» որոշ պատգամավորներ, որոնք մոտ էին այդ կուսակցությանը, հայտարարում էին, որ պետք չէ հավատալ այդ կազմակերպությանը, որը դեռևս Սաակաշվիլիի օրոք նկարում էր այն թվերը, որոնք պետք էին:
–Բայց որ Ալասանիան հեղինակություն ունի՝ չենք կարող հերքել: Նա կարող է խառնել նախապես Իվանիշվիլիի կողմից գրված երազանքի սցենարը:
–Այս պահի դրությամբ՝ մի հետաքրքիր փաստ կա: Քանի որ ինքը որոշել էր վերադառնալ կուսակցություն, և այս պահի դրությամբ իրենք հայտարարում են, որ չեն համագործակցելու Միացյալ ազգային շարժման հետ, բայց նույն այդ կուսակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ չեն լինի, եթե համագործակցեն:
–Որքանո՞վ է հավանական, որ Սաակաշվիլիի՝ վերջերս արած հայտարարությունը, թե ինքը վերադառնում է քաղաքականություն, ԱՄՆ-ի և Արևմուտքի համար ընդունելի լինի, ու Ալասանիայի և Սաակաշվիլիի տանդեմ ստեղծվի:
– 2011-2012 թթ. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում էինք երկխոսության գնալ: Այդ պահին անհարմար էր Սաակաշվիլին, որ լիներ իշխանության մեջ: Ընտրություններից հետո, երբ Արևմուտքը ետ կանգնեց, Սաակաշվիլին չունեցավ այդ աջակցությունը, և նոր իշխանություններ եկան: Այս պահին, երբ ճգնաժամ է Մոսկվայի ու Վաշինգտոնի և Մոսկվայի ու Բրյուսելի հարաբերություններում, ոչ մի բան չի խանգարում, որպեսզի նոր մարդ գա:
–Բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանին էլ ոչ մի բան չի խանգարում Վալդայում արած հայտարարության բովանդակությունը իրականություն դարձնել:
–Բոլորը գիտեին, որ կոալիցիան տևելու է մինչև 2016թ-ի ընտրությունները, և այդ ընտրություններից հետո ամեն մի կուսակցություն իր ուղին է շարունակելու: Շատերը Ալասանիայի ակտիվությունն ու վերադարձը կապում էին այն բանի հետ, որ նա այդ ընտրություններին է պատրաստվում: Բայց մենք չպետք է աչքաթող անեինք այդ կոռուպցիոն սկանդալը, որ տեղի է ունենում, և որի պատճառով էլ այդ կոնֆլիկտը եղավ: Եթե դատախազությունը ապացուցի, որ 2մլն դոլարը աննպատակ է ծախսվել, ապա Իրակլի Ալասնիան լուրջ խնդիրներ կունենա:
–Որքանո՞վ արժանահավատ կարող են լինել դատախազության բերած հիմնավորումները, որովհետև, մեծ հաշվով, հանրության մեջ բավական պակասել է վստահությունը իշխանության, իշխանության ներկայացուցիչների, իրավապահների նկատմամբ:
–Իշխանափոխությունից հետո շատերը մտածում էին, որ նախկին իշանություններից բոլորը դատվելու են: Բայց նոր իշխանությունները խնդիրների առջև կանգնեցին, քանի որ որոշ բաներ գիտեին՝ որ այդպես է, բայց ապացուցելը դժվար էր: Կա մի հետաքրքիր կարծիք, որ այս ամենը արվում է Սաակաշվիլիին ներքաղաքական գործընթացներից դուրս մղելու համար:







































